Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-18-ից մինչև 2026-07-19։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁԻՆՔԳլուխ 14 · ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ

Հոդված 87. Ապրանքների ժամանակավոր մաքսային հայտարարագրումը

գործել է մինչև 2026-07-19Բացել ARLIS-ում

Հոդված 87. Ապրանքների ժամանակավոր մաքսային հայտարարագրումը

1. Հայաստանի Հանրապետության տարածքից Միության ապրանքների արտահանման ժամանակ, որոնց քանակի կամ մաքսային արժեքի վերաբերյալ չեն կարող ներկայացվել ճշգրիտ տեղեկություններ, կարող է կիրառվել ժամանակավոր մաքսային հայտարարագրում՝ ներկայացնելով ժամանակավոր մաքսային հայտարարագիր:

2. Ժամանակավոր մաքսային հայտարարագրումը կարող է կիրառվել հանքային հանածո (մետաղական օգտակար հանածո) հանդիսացող ապրանքների, բնական նավթի, բնական գազի և էլեկտրաէներգիայի հայտարարագրման ժամանակ:

3. Կառավարությունը, սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված ապրանքներից բացի, կարող է սահմանել այլ ապրանքների ցանկ, որոնց հայտարարագրման ժամանակ կարող է կիրառվել սույն հոդվածով սահմանված ժամանակավոր մաքսային հայտարարագրումը:

4. Ժամանակավոր մաքսային հայտարարագրումը հայտարարատուին չի ազատում Միության մաքսային օրենսգրքով, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով սահմանված՝ մաքսային վճարների և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների վճարման, արգելքների և սահմանափակումների պահպանման, ինչպես նաև ընտրված մաքսային ընթացակարգերի պայմանների պահպանման պարտավորությունից և մաքսային հսկողությունից:

5. Ժամանակավոր հայտարարագրման ժամանակ արտահանվող ապրանքների նկատմամբ արգելքները և սահմանափակումները կիրառվում են ապրանքների համար ժամանակավոր մաքսային հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ:

6. Մեկ ժամանակավոր մաքսային հայտարարագրի շրջանակում թույլատրվում է հայտարարագրել մի քանի գործարքների շրջանակում կատարվող առաքումները, եթե դրանք կատարում է նույն անձը, նույն մաքսային ընթացակարգի շրջանակում՝ անկախ մատակարարման, գնագոյացման և վճարման պայմանների հետ կապված գործարքների տարբերությունից:

7. Եթե ժամանակավոր մաքսային հայտարարագրի ներկայացման պահի դրությամբ ապրանքների գնորդը հայտնի չէ, ապա հայտարարագրվող ապրանքների համար ներկայացվում է մեկ ժամանակավոր մաքսային հայտարարագիր հետագայում յուրաքանչյուր գնորդի համար առանձին լրիվ մաքսային հայտարարագիր ներկայացնելու պայմանով:

8. Սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դրույթների կիրառման ժամանակ մաքսային հայտարարագրի համապատասխան սյունակներում տվյալներ չեն լրացվում հետագայում լրիվ մաքսային հայտարարագիր ներկայացնելիս դրանց ճշգրտման պայմանով:

9. Ապրանքների ժամանակավոր մաքսային հայտարարագրում կարող են լրացվել կողմնորոշիչ տեղեկություններ արտահանվող ապրանքների քանակի, պայմանական մաքսային արժեքի վերաբերյալ, որը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով արտահանման ենթակա ապրանքների քանակը, դրանց սպառողական հատկությունները, որակը և մատակարարման գործարքի շրջանակում նախատեսված այլ պայմաններ՝ ժամանակավոր մաքսային հայտարարագրի ներկայացման օրվա դրությամբ:

10. Ապրանքների ժամանակավոր մաքսային հայտարարագրման ժամանակ կիրառվում են մաքսային վճարների և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների՝ ժամանակավոր մաքսային հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող դրույքաչափերը և տվյալ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած արժույթի փոխարժեքը:

11. Ապրանքների ժամանակավոր մաքսային հայտարարագրում հայտարարագրված քանակը գերազանցող քանակով ապրանքների արտահանումը չի թույլատրվում, բացառությամբ Միության մաքսային օրենսգրքով սահմանված դեպքերի:

12. Ժամանակավոր մաքսային հայտարարագրում հայտարարագրված ապրանքների՝ Միության տարածքից փաստացի արտահանումից հետո հայտարարատուն պարտավոր է ներկայացնել մեկ կամ մի քանի լրիվ մաքսային հայտարարագրեր Միության տարածքից արտահանված ապրանքների համար:

13. Լրիվ մաքսային հայտարարագրերը պարունակում են հայտարարագրված ապրանքների վերաբերյալ հավաստի ճշգրտված տվյալներ՝ մասնավորապես ճշգրտելով նախապես հայտարարագրված արտահանվող ապրանքների կողմնորոշիչ քանակը կամ մաքսային արժեքը:

14. Մեկ կամ մի քանի լրիվ մաքսային հայտարարագրերը ներկայացնելու ժամկետը որոշում են մաքսային մարմինները՝ հայտարարատուի դիմումի հիման վրա և հաշվի առնելով ապրանքների քանակի կամ մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկությունների ճշգրտման ժամկետները, որոնք չեն կարող գերազանցել ժամանակավոր մաքսային հայտարարագրի գրանցման օրվանից հաշվարկված վեց ամիս ժամկետը: Հայտարարատուի հիմնավորված դիմումի հիման վրա մաքսային մարմինը կարող է երկարաձգել լրիվ մաքսային հայտարարագրի (հայտարարագրերի) ներկայացման ժամկետը սույն մասում նշված ժամկետը լրանալուց հետո մինչև երկու ամիս ժամկետով:

15. Լրիվ մաքսային հայտարարագրի (հայտարարագրերի) ներկայացման ժամկետները խախտելու կամ հայտարարագրերը չներկայացնելու դեպքում հայտարարատուն պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված չափով, կարգով և ժամկետներում:

16. Հարկերի գծով նախկինում վճարված գումարների վերադարձը կատարվում է լրիվ մաքսային հայտարարագրի (հայտարարագրերի) ներկայացումից հետո՝ փաստացի արտահանված ապրանքների և լրիվ մաքսային հայտարարագրում (հայտարարագրերում) հայտարարագրված մաքսային արժեքի հիման վրա:

17. Եթե լրիվ մաքսային հայտարարագրի ներկայացման ժամանակ փոփոխվում են նաև ապրանքների հայտարարագրում ներկայացման ենթակա այլ տվյալներ, որոնք չեն առաջացնում արգելքների և սահմանափակումների պահպանվածության վերաբերյալ տեղեկությունների փոփոխություններ, ապա այդպիսի փոփոխությունները կատարվում են լրիվ մաքսային հայտարարագիրը ներկայացնելիս:

18. Լրիվ մաքսային հայտարարագրերի քանակը չի կարող պակաս լինել այն գործարքների քանակից, որոնց մասով կատարվել են փաստացի մատակարարումները:

19. Եթե մինչև լրիվ մաքսային հայտարարագիրը ներկայացնելու ժամկետը ժամանակավոր մաքսային հայտարարագրով հայտարարագրված ապրանքները չեն արտահանվել Միության տարածքից, ապա ժամանակավոր մաքսային հայտարարագիրը հետ է կանչվում Միության մաքսային օրենսգրքի 113-րդ հոդվածով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։