Հոդված 83. Ապրանքների նախնական մաքսային հայտարարագրումը
Հոդված 83. Ապրանքների նախնական մաքսային հայտարարագրումը
1. Ապրանքների նախնական մաքսային հայտարարագրումը կատարվում է Միության մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածին և սույն օրենքին համապատասխան:
2. Ապրանքների նախնական մաքսային հայտարարագրման ժամանակ մաքսային մարմիններն ընդունում են ուղեկցող տրանսպորտային (փոխադրման) կամ առևտրային փաստաթղթերի` հայտարարատուի ստորագրած պատճենները կամ այդ փաստաթղթերում ներառված` էլեկտրոնային համակարգով ներկայացված տեղեկությունները, որոնք համադրվում են հայտարարատուի կողմից մաքսային մարմիններ ներկայացվող փաստաթղթերի բնօրինակների և դրանցում առկա տեղեկությունների հետ:
3. Տրանսպորտային (փոխադրման) կամ առևտրային փաստաթղթերի հիման վրա ներկայացված նախնական հայտարարագրում ներկայացված արժեքից, քանակից կամ կշռից ապրանքների փաստացի ցուցանիշների շեղման դեպքում հայտարարատուն ներկայացնում է դրանց փոփոխությունները հաստատող փաստաթղթերը:
4. Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծումից հետո նախնական հայտարարագրով ներկայացված ապրանքների արժեքի, քանակի կամ կշռի շեղում հայտնաբերելու դեպքում հայտարարատուն իրավասու է հետ կանչելու իր ներկայացրած հայտարարագիրը՝ Միության մաքսային օրենսգրքով սահմանված կարգով:
5. Նախնական հայտարարագիրն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ չի համարվում և կարող է փոփոխվել հայտարարատուի կողմից կամ մաքսային մարմինների նախաձեռնությամբ:
6. Այն դեպքում, երբ մաքսային մարմիններ է ներկայացված ապրանքների նախնական մաքսային հայտարարագիր, հայտարարատուի հիմնավորված դիմումի հիման վրա ապրանքների տեղակայումը և բացթողումը կարող է կատարվել մաքսային հայտարարագիրն ընդունած մաքսային մարմինների գործունեության տարածքում գտնվող մաքսային հսկողության գոտիներից տարբերվող մաքսային հսկողության գոտիներում:
Սույն մասի առաջին պարբերության մեջ նշված դեպքում ապրանքների տեղակայման և բացթողման կարգը, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից կատարվող գործողությունների հաջորդականությունը սահմանում է Կոմիտեն:
7. Կառավարությունը կարող է սահմանել այն դեպքերը, երբ ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս, բացառությամբ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի, նախնական մաքսային հայտարարագրումը կատարվում է պարտադիր կարգով: