Հոդված 242. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու հրազենի օգտագործման դեպքերը և կարգը
Հոդված 242. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու հրազենի օգտագործման դեպքերը և կարգը
1. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի օգտագործման հետ կապված մաքսային մարմնի պաշտոնատար անձինք, վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով, անցնում են հատուկ պատրաստություն և պիտանիության պարբերական ստուգումներ: Նշված անձինք պարտավոր են ունենալ նաև տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտություն:
2. Սույն օրենսգրքի 243, 244 և 246 հոդվածներով նախատեսված դեպքերում և կարգով մաքսային մարմնի պաշտոնատար անձինք իրավունք ունեն կիրառել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն:
3. Մաքսային մարմնի պաշտոնատար անձը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն կիրառելուց առաջ նախազգուշացնում է այդ մտադրության մասին` տալով իր պահանջները կատարելու համար բավարար ժամանակ, բացառությամբ անակնկալ, զինված, ռազմական տեխնիկայի և տրանսպորտային այլ միջոցների օգտագործմամբ հարձակումների և այլ իրադրությունների, երբ նման նախազգուշացումն ստեղծված իրավիճակում անտեղի է, անհնարին կամ կարող է առաջացնել վտանգ իր կյանքին և առողջությանը, հանգեցնել այլ ծանր հետևանքների:
4. Իրավախախտման վտանգավորության աստիճանից և դա կատարող անձի ինքնությունից, ինչպես նաև դիմադրության ուժից ելնելով` վտանգի վերացմանն ուղղված գործողությունների հետևանքով հնարավոր վնասները մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից պետք է հասցվեն նվազագույնի:
5. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի կիրառման հետևանքով մահվան բոլոր դեպքերի կամ ծանր մարմնական վնասվածքների մասին մաքսային մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող անձն անմիջապես տեղյակ է պահում դատախազությանը և առողջապահության համապատասխան մարմիններին:
6. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն օգտագործելու լիազորությունների սահմանազանցումն առաջացնում է պատասխանատվություն` օրենսդրությամբ նախատեսված կարգով:
7. Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատախազությունը: