Հոդված 165. Ապրանքի ծագման երկրի հաստատումը
Հոդված 165. Ապրանքի ծագման երկրի հաստատումը
1. Ապրանքի ծագմանը վերաբերող հայտարարագրված տեղեկությունները հաստատվում են մաքսային մարմինների կողմից: Հայտարարագրված ծագման երկիրը հիմք է ընդունվում մաքսային մարմինների կողմից մաքսային ձևակերպումների կատարման համար, եթե, որպես ծագման միակ երկիր, նշված է`
ա) հայտարարատուի կողմից ներկայացված ապրանքի ծագման վկայականում կամ հավաստագրում` տրված ապրանքի ծագման երկրի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից.
բ) ապրանքի, դրա փաթեթավորման վրա և ապրանքն ուղեկցող փաստաթղթերում:
2. Ծագման երկրի վկայականի կամ հավաստագրի ներկայացումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների ծագման երկրի հաստատման համար պարտադիր պայման չէ:
3. Եթե ապրանքի, դրա փաթեթավորման վրա և ապրանքն ուղեկցող փաստաթղթերում նշվում են ապրանքի ծագման մեկից ավելի երկրներ կամ այդպիսիք նշված չեն, ապա`
3.1. ծագման հավաստագրի կամ վկայականի առկայության դեպքում մաքսային մարմինների կողմից հաստատվում է դրանցում նշված ծագման երկիրը.
3.2. ծագման հավաստագրի կամ վկայականի բացակայության դեպքում, եթե ապրանքի, դրա փաթեթավորման վրա և ապրանքն ուղեկցող փաստաթղթերում նշվում են տվյալ ապրանքի ծագման մեկից ավելի երկրներ, ապա`
ա) հայտարարատուի ընտրությամբ հայտարարագրվում և մաքսային մարմինների կողմից հաստատվում է ապրանքի, դրա փաթեթավորման վրա և ապրանքն ուղեկցող փաստաթղթերում նշված ծագման երկրներից որևէ մեկը,
բ) հայտարարագրված ապրանքների նկատմամբ կիրառվում է սույն հոդվածի 3.2-րդ կետի «ա» ենթակետում նշված երկրների նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առավել բարձր դրույքաչափերի և ոչ սակագնային կարգավորման առավել խիստ միջոցների համակցումը.
3.3. ծագման հավաստագրի կամ վկայականի բացակայության դեպքում, եթե ապրանքի, դրա փաթեթավորման վրա և ապրանքն ուղեկցող փաստաթղթերում նշված չէ տվյալ ապրանքի ծագման որևէ երկիր, ապա կիրառվում են սույն հոդվածի 3.2-րդ կետի «բ» ենթակետի դրույթները` նույն կետի «ա» ենթակետում նշված երկրների փոխարեն դիտարկելով բոլոր երկրները` առանց սահմանափակման:
4. Հայտարարատուն կարող է սույն հոդվածի 3.2-րդ կետի «բ» ենթակետով և 3.3-րդ կետով սահմանված կարգով ձևակերպումները կատարելուց հետո 120-օրյա ժամկետում ապացույցներ ներկայացնելով, հիմնավորել իր կողմից հայտարարագրված ապրանքի ծագման երկիրը և հետ ստանալ ավել վճարված այն գումարները (եթե այդպիսիք կան), որոնք առաջացել են մաքսային մարմինների կողմից սույն հոդվածի 3.2-րդ կետի «բ» ենթակետի կամ 3.3-րդ կետի կիրառմամբ մաքսային ձևակերպումների հետևանքով:
5. Սույն հոդվածի 4-րդ կետում հիշատակված ապացույցները տվյալ ապրանքի ծագման երկրի կամ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից տրված ապրանքի ծագման վկայականը կամ հավաստագիրն են: