Հոդված 36. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 36. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին և 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների, 12-րդ հոդվածի 1-ին և 13-րդ հոդվածի 3-րդ կետերի, 24-րդ, 28-րդ և 32-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունիսի 15-ից:
2. Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրումն իրականացվում է Օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-331-Ն սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածով վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող և վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորների թափուր պաշտոնների համալրման իրականացման համար սահմանված առանձնահատկությունները:
3. Սույն օրենքի 1-ին և 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածները, 12-րդ հոդվածի 1-ին և 13-րդ հոդվածի 3-րդ կետերը, 24-րդ, 28-րդ և 32-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելու պահից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-331-Ն սահմանադրական օրենքով սահմանված կարգով վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող և վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր նշանակված դատավորները շարունակում են պաշտոնավարել վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում որպես համապատասխանաբար հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության և կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացման դատավորներ, և շարունակում են քննել իրենց վարույթում առկա քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը (այսուհետ՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր) և կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնք համարվում են փոխանցված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանին: Սույն մասով նախատեսված դատավորների վարույթում գտնվող մյուս քաղաքացիական և քրեական գործերը սույն օրենքի 1-ին և 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածները, 12-րդ հոդվածի 1-ին և 13-րդ հոդվածի 3-րդ կետերը, 24-րդ, 28-րդ և 32-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, վերաբաշխվում են համապատասխանաբար վերաքննիչ քաղաքացիական և վերաքննիչ քրեական դատարանների դատավորների միջև:
4. Սույն օրենքի 1-ին և 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածները, 12-րդ հոդվածի 1-ին և 13-րդ հոդվածի 3-րդ կետերը, 24-րդ, 28-րդ և 32-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելու պահից վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող և վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորների թափուր պաշտոնների համալրման նպատակով մեկնարկած գործընթացը շարունակվում է որպես վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակի համալրման գործընթաց՝ ըստ համապատասխան ենթաբաժինների:
5. Սույն օրենքի 1-ին և 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածները, 12-րդ հոդվածի 1-ին և 13-րդ հոդվածի 3-րդ կետերը, 24-րդ, 28-րդ և 32-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելուց հետո` քսանօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների կնիքների և դրոշմակնիքների նկարագրությունը:
6. Մինչև վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորներին կնիքների և դրոշմակնիքների տրամադրումը վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացմամբ և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության մասնագիտացմամբ դատավորներն օգտագործում են մինչև այդ որպես համապատասխանաբար վերաքննիչ քրեական և վերաքննիչ քաղաքացիական դատարանների դատավոր ունեցած կնիքները և դրոշմակնիքները:
7. Սույն օրենքի 35-րդ հոդվածով սահմանված կարգավորումները կիրառվում են նաև, եթե Օրենքի 165-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքով Բարձրագույն դատական խորհրդի՝ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացրած որոշմամբ դատավորի լիազորությունների կասեցումը շարունակվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկ ամսից ավելի:
8. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մինչդատական քրեական վարույթի դատական երաշխիքների վարույթները և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններն ու բողոքները քննող առանձին դատավորներին, որոնք առաջին անգամ դատավորի պաշտոնում նշանակվել են ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-265-Ն սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նոր գործեր չեն հանձնվում, իսկ իրենց վարույթում մինչդատական քրեական վարույթի դատական երաշխիքների վարույթների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ու բողոքների վերաբերյալ առկա գործերը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասնօրյա ժամկետում, չավարտելու դեպքում ենթակա են վերաբաշխման մեկշաբաթյա ժամկետում, որից հետո համապատասխան դատավորները ձեռք են բերում ռեզերվային դատավորի կարգավիճակ:
9. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դատավորների համար կազմակերպում է Օրենքի 110.1-ին հոդվածով սահմանված որակավորման հատուկ ստուգում:
10. Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված որակավորման հատուկ ստուգմանը չմասնակցած կամ որակավորման հատուկ ստուգումը չհաղթահարած դատավորների համար Արդարադատության ակադեմիայում օրենքով սահմանված կարգով կազմակերպվում է լրացուցիչ վերապատրաստում Բարձրագույն դատական խորհրդի առաջարկած առարկայական կուրսերի վերաբերյալ: Սույն հոդվածով նախատեսված անձինք լրացուցիչ վերապատրաստումը համարվում են անցած դրական գնահատման դեպքում, և եթե նրանք մասնակցել են լրացուցիչ վերապատրաստման համապատասխան առարկայական կուրսի բոլոր ժամերին, այդ թվում՝ երբ նրանց բացակայությունը ճանաչվել է հարգելի:
11. Մինչև սույն հոդվածով սահմանված կարգով որակավորման հատուկ ստուգում կամ լրացուցիչ վերապատրաստում անցնելը սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված ռեզերվային դատավորները չեն կարող Օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով շարունակել պաշտոնավարել որպես դատավոր կամ Օրենքով սահմանված կարգով դատավոր նշանակվել։ Նրանց փոխարեն դատարանում շարունակում է պաշտոնավարել համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավորը՝ Օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի կանոններով, իսկ համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավորի բացակայության դեպքում տվյալ դատավորի պաշտոնը համարվում է թափուր:
12. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մինչդատական քրեական վարույթի դատական երաշխիքների վարույթները և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններն ու բողոքները քննող, ինչպես նաև վերաքննիչ քրեական դատարանի՝ մինչդատական քրեական վարույթի դատական երաշխիքների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության հետ կապված վարույթներով վերանայում իրականացնող առանձին դատավորները, որոնք մինչև առանձին դատավորի պաշտոնում ընտրվելը եղել են քրեական մասնագիտացման գործող դատավորներ, շարունակում են պաշտոնավարել համապատասխանաբար առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնում։
13. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Դատական դեպարտամենտը վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված, բարեվարքության ուսումնասիրություն չանցած թեկնածուներին գրավոր տեղեկացնում է մեկշաբաթյա ժամկետում բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ ներկայացնելու անհրաժեշտության մասին: Սույն մասով նախատեսված ժամկետում բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ չներկայացնելը հիմք է թեկնածուին ցուցակից հանելու համար: Բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ ներկայացնելու ժամկետի ավարտից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, Դատական դեպարտամենտը լրացված հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ քսանօրյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու համար: Բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է խորհրդատվական եզրակացությունը, որի հիման վրա կարող է որոշում կայացնել թեկնածուին՝ վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից հանելու մասին։
14. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը համարվում է վերակազմակերպված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանների:
15. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորները շարունակում են պաշտոնավարել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության համապատասխանաբար քաղաքացիական և քրեական դատարանի դատավորների պաշտոնում և շարունակում են քննել իրենց վարույթում եղած գործերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով:
16. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի լիազորությունները դադարում են և Բարձրագույն դատական խորհուրդը Օրենքի 121-րդ հոդվածով սահմանված կարգով լուծում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանների նախագահների նշանակման համար առաջարկություն ներկայացնելու հարցը:
17. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով:
18. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` քսանօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը`
1) սահմանում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանների նստավայրերը, դրանց սպասարկման տարածքները և հաստատում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանների դատավորների` ըստ նստավայրերի բաշխումն ու թվակազմը.
2) սահմանում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանների դատավորների կնիքների և դրոշմակնիքների նկարագրությունը:
19. Մինչև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանների դատավորներին կնիքների և դրոշմակնիքների տրամադրումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանների դատավորներն օգտագործում են մինչև այդ որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր ունեցած կնիքները և դրոշմակնիքները:
(36-րդ հոդվածը փոփ. 24.05.23 ՀՕ-170-Ն)
Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2022 թ. դեկտեմբերի 27
Երևան
ՀՕ-575-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2022 թվական: