Հոդված 6. Բանկային գործառնությունները
Հոդված 6. Բանկային գործառնությունները
Բանկը կարող է կատարել հետևյալ գործառնությունները`
ա) ներգրավել և տեղաբաշխել դրամական ավանդներ.
բ) ներգրավել և տրամադրել վարկեր.
գ) կատարել հաշվարկներ հաճախորդների և բանկերի (թղթակցող) հանձնարարությամբ.
դ) բացել և վարել հաճախորդների, բանկերի (թղթակցող) հաշիվներ.
ե) ֆինանսավորել կապիտալ ներդրումներ` ներդրում կատարողների կամ կարգադրիչների հանձնարարությամբ.
զ) թողարկել, գնել (սեփական միջոցների հաշվին), վաճառել և հաշվառել վճարային փաստաթղթեր և արժեթղթեր (չեկեր, ակրեդիտիվներ, մուրհակներ, բաժնետոմսեր և այլն).
է) երրորդ անձանց փոխարեն և նրանց հանձնարարությամբ տալ երաշխավորություններ, երաշխիքներ, ինչպես նաև ստանձնել այլ պարտավորություններ.
ը) ձեռք բերել ապրանքների մատակարարման և ծառայությունների կատարման դիմաց գումարներ պահանջելու իրավունք, իր վրա վերցնել այդպիսի պահանջների կատարման ռիսկը և կատարել դրանց ինկասացիան (ֆակտորինգ).
թ) գնել (սեփական միջոցների հաշվին) և վաճառել արտարժույթ.
ժ) հաճախորդների հանձնարարությամբ ներգրավել և տեղաբաշխել միջոցներ, կառավարել արժեթղթեր (լիազորական գործառնություններ).
ի) մատուցել խորհրդատվական ծառայություններ.
լ) սեփական միջոցների հաշվին ձեռք բերել և վարձակալության տալ սարքավորումներ և մեքենաներ (լիզինգ).
խ) գնել, վաճառել և ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ ու քարեր, այլ արժեքներ:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հանձնարարությամբ բանկերն իրականացնում են պետական բյուջեի դրամարկղային սպասարկման գործառնություններ:
Սույն հոդվածով նախատեսված գործառնությունները բանկերը կարող են կատարել ինչպես Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող դրամով, այնպես էլ` արտարժույթով:
Բանկերն արտարժույթով գործառնությունները կարող են կատարել միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրված այդպիսի արտոնագրի առկայության դեպքում:
Բանկերն արժեթղթերով միջնորդական գործառնություններ կատարում են միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտոնագիր ստանալուց հետո:
Բանկերին արգելվում է գործունեություն ծավալել ոչ բանկային գործունեության, այդ թվում` ապահովագրության ոլորտում: