Հոդված 13. Օրենքի 31-34-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ`
Հոդված 13. Օրենքի 31-34-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 31. Տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելու կարգը
1. Տեղամասային հանձնաժողովի նախագահը ժամը 20.00-ին արգելում է քաղաքացիների մուտքը տեղամասային կենտրոն, տեղամասային կենտրոնում գտնվող քաղաքացիներին քվեարկելու հնարավորություն է տալիս, որից հետո փակում է քվեատուփի ճեղքը, դուրս հրավիրում տեղամասային հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք չունեցող բոլոր անձանց և փակում տեղամասային կենտրոնը: Տեղամասային հանձնաժողովը սկսում է քվեարկության արդյունքների ամփոփման նիստը: Այդ նպատակով տեղամասային հանձնաժողովը`
ա) հաշվարկում է չօգտագործված, քվեարկության մասնակիցների կողմից ոչ ճիշտ լրացված և վերադարձված քվեաթերթիկների ընդհանուր թիվը, ապա կենտրոնական հանձնաժողովի սահմանած կարգով մարում է քվեաթերթիկները, փաթեթավորում և կնքում փաթեթը.
բ) ըստ հերթական համարների` դասավորում է օգտագործված քվեաթերթիկների ելունդները և հաշվարկում դրանց թիվը, ապա փաթեթավորում է օգտագործված քվեաթերթիկների ելունդները և կնքում փաթեթը.
գ) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցողների ցուցակների, այդ թվում` լրացուցիչ ցուցակների հիման վրա հաշվարկում է քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը.
դ) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցողների ցուցակներում, այդ թվում` լրացուցիչ ցուցակներում առկա ստորագրությունների հիման վրա հաշվարկում է քվեաթերթիկներ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, որից հետո փաթեթավորում է նշված ցուցակները և կնքում փաթեթը:
2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա»-«դ» ենթակետերի արդյունքները հրապարակվում և արձանագրվում են գործավարության մատյանում:
Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, քվեատուփից հանում մեկ քվեաթերթիկ, բարձրաձայն հայտարարում քվեաթերթիկի չսահմանված կամ սահմանված նմուշի, սահմանված նմուշի դեպքում` վավեր կամ անվավեր լինելու մասին, վավեր քվեաթերթիկի դեպքում` նաև թե ինչպես է քվեարկված: Պահանջի դեպքում քվեաթերթիկը փոխանցում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի կարծիքին համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն: Առարկության դեպքում` քվեարկության արդյունքով, իսկ առարկություն չլինելու դեպքում` հանձնաժողովի նախագահը, իր հայտարարության համաձայն, քվեաթերթիկը դնում է «ԱՅՈ» կամ «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների փաթեթի մեջ: Անվավեր կամ չսահմանված նմուշի քվեաթերթիկները դրվում են համապատասխանաբար անվավեր կամ չսահմանված նմուշի քվեաթերթիկների փաթեթի մեջ: Այս գործողությունը կրկնվում է քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկների համար: Քվեաթերթիկների տեսակավորումն իրականացնելու ժամանակ հանձնաժողովի անդամներին արգելվում է նշումներ կատարել, ինչպես նաև իրենց մոտ ունենալ գրիչներ, մատիտներ կամ նշումներ կատարելու այլ առարկաներ:
3. Քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկները տեսակավորելուց հետո հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների ներկայությամբ մեկ առ մեկ հաշվարկում է անվավեր ճանաչված քվեաթերթիկների, «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների և «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների թիվը: Հաշվարկված թվերը հրապարակվում են և արձանագրվում գործավարության մատյանում:
4. Արդյունքներն ամփոփելիս չսահմանված նմուշի քվեաթերթիկները հաշվի չեն առնվում:
5. Հաշվարկված և տեսակավորված քվեաթերթիկները կենտրոնական հանձնաժողովի սահմանած կարգով փաթեթավորվում են, իսկ փաթեթները` կնքվում: