Հոդված 33. Ընտրատարածքային հանձնաժողովում քվեարկության արդյունքներն ամփոփելու կարգը
Հոդված 33. Ընտրատարածքային հանձնաժողովում քվեարկության արդյունքներն ամփոփելու կարգը
1. Ընտրատարածքային հանձնաժողովում ստուգվում է տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների կազմման վավերականությունը, և թվաբանական սխալների առկայության դեպքում համապատասխան տեղամասային հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վերացնում են այդ սխալները` ուղղումները վավերացնելով իրենց ստորագրություններով: Ելակետային տվյալների փոփոխություն չի կատարվում:
2. Ընտրատարածքային հանձնաժողովը տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների հիման վրա քվեարկության ավարտից հետո` ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում, սույն հոդվածի պահանջներին համապատասխան` ամփոփում է ընտրատարածքում քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում այն:
3. Դատարանում կամ ընտրատարածքային հանձնաժողովում` տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր հետո, հիմք ընդունելով տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, դատարանների վճիռներն ու ընտրատարածքում կատարված վերահաշվարկների արդյունքները, ընտրատարածքային հանձնաժողովն ամփոփում է ընտրատարածքում հանրաքվեի քվեարկության արդյունքները և արձանագրությամբ վավերացնում այն:
4. Ընտրատարածքային հանձնաժողովի հանրաքվեի քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունում նշվում են`
ա) հանրաքվեի մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը` ըստ ցուցակների.
բ) տեղամասային հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը և ելունդների համարները.
գ) տեղամասային հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.
դ) գրանցված և քվեաթերթիկներ ստացած քվեարկության մասնակիցների թիվը` ըստ ստորագրությունների.
ե) անվավեր քվեաթերթիկների թիվը.
զ) օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը.
է) «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների թիվը.
ը) «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների թիվը.
թ) անճշտությունների չափը:
Ընտրատարածքում անճշտությունների չափը հավասար է ընտրատարածքում ընդգրկված տեղամասերի անճշտությունների գումարին:
5. Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները, իսկ կնքում է հանձնաժողովի նախագահը:
6. Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը, իսկ իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում:
7. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա արձանագրությունում նշվում է այդ մասին:
8. Դիտորդի պահանջով նրան տրվում է ընտրատարածքային հանձնաժողովի ընտրատարածքում հանրաքվեի քվեարկության արդյունքների մասին արձանագրության պատճենը` վավերացված հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի ստորագրությամբ ու հանձնաժողովի կնիքով:
9. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` առաջին համապետական ընտրությունից սկսած, հանրաքվե անցկացվելու դեպքում ընտրատարածքային հանձնաժողովն ընտրատարածքում հանրաքվեի քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն չի կազմում, իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 63-րդ հոդվածով սահմանված գործառույթները:
10. Ընտրատարածքում հանրաքվեի քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետում ընտրատարածքային հանձնաժողովի հանրաքվեի քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության մեկ օրինակը ներկայացնում է կենտրոնական հանձնաժողով:
11. Հանրաքվեի քվեարկության արդյունքների վերաբերյալ ընտրատարածքային հանձնաժողովում կազմվող արձանագրության ձևը սահմանում է կենտրոնական հանձնաժողովը: