Հոդված 34. Կենտրոնական հանձնաժողովում հանրաքվեի արդյունքների ամփոփման կարգը
Հոդված 34. Կենտրոնական հանձնաժողովում հանրաքվեի արդյունքների ամփոփման կարգը
1. Կենտրոնական հանձնաժողովն ընտրատարածքային հանձնաժողովներից ստացված` ընտրատարածքում հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքների հիման վրա քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 28 ժամ հետո, սույն հոդվածի պահանջներին համապատասխան, ամփոփում է հանրաքվեի նախնական արդյունքները, արձանագրությամբ վավերացնում այն ու հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես հրապարակում:
2. Մինչև հանրաքվեի նախնական արդյունքները հրապարակելը կենտրոնական հանձնաժողովի նիստը չի ընդհատվում:
3. Դատարանում կամ ընտրատարածքային հանձնաժողովում` տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր հետո, հիմք ընդունելով ընտրատարածքային հանձնաժողովներից ստացված` ընտրատարածքում հանրաքվեի քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, կենտրոնական հանձնաժողովն ամփոփում է հանրաքվեի արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք:
4. Կենտրոնական հանձնաժողովի հանրաքվեի արդյունքների վերաբերյալ արձանագրությունում նշվում են`
ա) հանրաքվեի մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը` ըստ ցուցակների.
բ) տեղամասային հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը և ելունդների համարները.
գ) տեղամասային հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.
դ) գրանցված և քվեաթերթիկներ ստացած քվեարկության մասնակիցների թիվը` ըստ ստորագրությունների.
ե) անվավեր քվեաթերթիկների թիվը.
զ) օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը.
է) «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների թիվը.
ը) «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների թիվը.
թ) անճշտությունների չափը:
5. Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները, իսկ կնքում է հանձնաժողովի նախագահը:
6. Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը, իսկ իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում:
7. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա արձանագրությունում նշվում է այդ մասին:
8. Արձանագրությամբ վավերացնելուց հետո այդ արդյունքների հիման վրա կենտրոնական հանձնաժողովն ընդունում է որոշում` հանրաքվեի արդյունքների վերաբերյալ:
9. Մինչև հանրաքվեի արդյունքների հիման վրա սույն հոդվածի 8-րդ կետով սահմանված որոշման ընդունումը կենտրոնական հանձնաժողովի նիստը չի ընդհատվում: Կենտրոնական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` հանձնաժողովի անդամներից որևէ մեկը քվեարկության ավարտից հետո` երեքժամյա պարբերականությամբ, հանրաքվեի ընթացիկ արդյունքների վերաբերյալ հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հանդես է գալիս տեղեկատվությամբ: Նիստի ավարտից հետո, բայց ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում, կենտրոնական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` հանձնաժողովի անդամներից որևէ մեկը հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես հրապարակում է հանրաքվեի արդյունքները և դրանց հիման վրա ընդունված որոշումը:
10. Դիտորդի պահանջով նրան տրվում է կենտրոնական հանձնաժողովում հանրաքվեի արդյունքների արձանագրության պատճենը` վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:
11. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` առաջին համապետական ընտրությունից սկսած, հանրաքվե անցկացվելու դեպքում կենտրոնական հանձնաժողովը հանրաքվեի արդյունքներն ամփոփում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 63.2 -րդ հոդվածով սահմանված կարգով: 12. Հանրաքվեի արդյունքների վերաբերյալ կենտրոնական հանձնաժողովում կազմվող արձանագրությունների ձևերը սահմանում է կենտրոնական հանձնաժողովը:»: