Հոդված 30. Պետական ձեռնարկությունների վաճառքը աճուրդով
Հոդված 30. Պետական ձեռնարկությունների վաճառքը աճուրդով
1. Աճուրդով վաճառվում են.
ա) այն ձեռնարկությունները, որոնք սեփականաշնորհման են ներկայացվում աճուրդով.
բ) այն «փոքր» օբյեկտները, որոնք ձեռք չեն բերվել աշխատավորական կոլեկտիվների կողմից.
գ) լուծարված պետական ձեռնարկությունների գույքը.
դ) անավարտ շինարարության օբյեկտները:
2. Աճուրդի ձևով սեփականաշնորհմանն իրավունք ունեն մասնակցելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քաղաքացիների խմբերը, ոչ պետական ձեռնարկությունները և օտարերկրյա անձինք` առանց սահմանափակման: Աշխատավորական կոլեկտիվներն իրավունք ունեն մասնակցելու «փոքր» օբյեկտների աճուրդին ընդհանուր հիմունքներով:
3. Նշված օբյեկտներն աճուրդով վաճառելու և աճուրդի ձևի մասին որոշումներն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի ներկայացմամբ:
Աճուրդով վաճառքը կատարվում է այն դեպքում, եթե գնորդից չի պահանջվում որևէ պայմանի կատարում (բացի սույն օրենքով նշված աշխատավորական կոլեկտիվի շահերի և ձեռնարկության արտադրական պրոֆիլի պահպանման հետ կապված պայմաններից):
Աճուրդի մասին որոշումն ընդունվելուց հետո Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունն ստեղծում է աճուրդային հանձնաժողով, որը հրապարակայնորեն հայտարարում է աճուրդի մասին և իրականացնում այն:
Աճուրդի հաղթող է ճանաչվում այն անձը, որի առաջարկած գինը ամենաբարձրն է: Աճուրդի ժամանակ գինը չի կարող իջնել մեկնարկային գնի 50 տոկոսից, հակառակ դեպքում աճուրդը համարվում է չկայացած:
4. Աճուրդով պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների վաճառքի ընդհանուր կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նշելով աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ պայմանները, աճուրդային հանձնաժողով կազմելու, աճուրդի հաղթողին որոշելու, աճուրդը չկայացած համարելու, աճուրդի հաղթողին սեփականության իրավունքը փոխանցելու կարգը:
Աճուրդային հանձնաժողովները չեն կարող սահմանափակել առանձին (այդ թվում և օտարերկրյա) անձանց աճուրդին մասնակցելու իրավունքը, եթե այդ մասին նշված չէ սույն օրենքում, ծրագրում կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված աճուրդների անցկացման ընդհանուր կարգում:
5. Աճուրդի ձևով վաճառքի է ենթակա ձեռնարկությունն ամբողջությամբ, կամ ձեռնարկության գործունեությունը վերահսկել թույլատրող մասը:
Այն դեպքում, եթե աճուրդը համարվել է չկայացած, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը մեկ ամսվա ընթացքում պետք է մշակի ձեռնարկության կամ դրա աճուրդով վաճառվող բաժնեմասի սեփականաշնորհման նոր տարբերակ:
6. «Փոքր» օբյեկտներն աճուրդով վաճառելու մասին հրապարակային հայտարարության մեջ պետք է նշված լինեն այն սահմանափակումները, որոնց պարտավոր է հետևել «փոքր» օբյեկտի նոր սեփականատերը:
Այն դեպքում, եթե աճուրդը համարվում է չկայացած, նշված «փոքր» օբյեկտը սահմանված կարգով լուծարվում է և նրա գույքը վաճառվում է մրցույթով կամ աճուրդով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7. Օտարերկրյա անձինք մասնակցում են աճուրդով պետական ձեռնարկությունների վաճառքին սույն օրենքի 29 հոդվածի 7-րդ կետով սահմանված կարգով:
(30-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 06.06.95 ՀՕ-140)