Հոդված 5. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագիրը
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագիրը
1. Սեփականաշնորհման և ապապետականացման ընթացիկ փուլի նպատակները, նախապատվությունները և սահմանափակումները սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ամենամյա ծրագրով:
Ծրագրի նախագիծը ծրագրի գործադրմանը նախորդող տարվա Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի աշնանային նստաշրջանին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության նախագահը:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը մինչև ծրագրի գործադրման տարվա սկիզբը որոշում է կայացնում ծրագիրն ընդունելու մասին:
2. Ծրագրի նախագիծը մշակվում է առաջիկա մեկ տարվա համար և բովանդակում է սեփականաշնորհման և ապապետականացման այդ տարվա առաջադրանքները, հիմնական ուղղությունները հաջորդ երկու տարվա համար, ինչպես նաև նախորդ տարվա ծրագրի կատարման վերլուծությունը:
Ծրագրի նախագիծը պետք է բովանդակի.
ա) սեփականաշնորհվող և ապապետականացվող ձեռնարկությունների ու անավարտ շինարարության օբյեկտների ընտրության սկզբունքները.
բ) տնտեսության այն ճյուղերն ու ոլորտները (առանձին դեպքերում նաև ձեռնարկություններն ու անավարտ շինարարության օբյեկտները), որոնցում սեփականաշնորհում կամ ապապետականացում առաջիկա տարում չի նախատեսվում.
գ) պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների ցանկը ըստ տնտեսության ճյուղերի և ոլորտները, որոնք նախատեսված են սեփականաշնորհման առաջիկա տարում առանձին, նշելով`
այն ձեռնարկությունները, որոնց սեփականաշնորհումը իրականացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ բաժնետոմսերին ազատ բաժանորդագրությամբ.
այն ձեռնարկությունները, որոնց սեփականաշնորհումը կատարվում է նրանց աշխատավորական կոլեկտիվների և այլ անձանց նախաձեռնությամբ.
դ) սեփականաշնորհման սերտիֆիկատների թողարկման ծավալը, սերտիֆիկատներ ձեռք բերելու իրավունք ունեցող անձանց, սերտիֆիկատների թողարկման, բաշխման, շրջանառության և փոխանակման կարգը, սերտիֆիկատների անվանական արժեքը և դրանք ստանալու վճարի չափը.
ե) տարաժամկետ վճարումների սանդղակը ըստ սեփականաշնորհվող ձեռնարկությունների արժեքի` առանձին «փոքր» օբյեկտների և անավարտ շինարարության օբյեկտների համար.
զ) սեփականաշնորհման և ապապետականացման գործում օտարերկրյա ներդրումների օգտագործման և օտարերկրացիների մասնակցության պայմանները.
է) պետական մասնակցությամբ ձեռնարկությունների (այլ ձեռնարկությունների սեփականաշնորհման և ապապետականացման դեպքում), շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, բարեգործական և այլ հասարակական հիմնադրամների սեփականաշնորհմանը և ապապետականացմանը մասնակցելու պայմանները.
ը) սեփականաշնորհման և ապապետականացման համար անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումների բովանդակությունը.
թ) սեփականաշնորհման և ապապետականացման ընթացքում գտնվող ձեռնարկությունների նկատմամբ նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման տեղական մարմինների իրավասությունների սահմանափակումները.
ժ) սեփականաշնորհումից և ապապետականացումից առաջիկա տարում ստացվելիք միջոցների օգտագործման բնագավառները և բաշխման գործակիցներն ըստ օգտագործման բնագավառների.
ժա) սեփականաշնորհումից և ապապետականացումից ստացվելիք միջոցները Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների, պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության, պետական բյուջեի և իշխանության տեղական մարմինների միջև բաշխելու գործակիցները.
ժբ) պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական, իրավական, տեխնիկական ու ֆինանսական միջոցառումները:
Անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության պահանջով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հաստատմանն է ներկայացնում սեփականաշնորհվող ձեռնարկությունների ցանկն ըստ առանձին ճյուղերի, ենթաճյուղերի և տարածքների:
3. Տվյալ տարվա սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրով սեփականաշնորհման համար նախատեսված ձեռնարկությունները և անավարտ շինարարության օբյեկտները, եթե դրանք տարբեր պատճառներով դեռ չեն սեփականաշնորհվել կամ դրանց սեփականաշնորհումը դեռ չի ավարտվել, չեն կարող հաջորդ տարիների ծրագրերում տեղափոխվել այն ձեռնարկությունների ցանկը, որոնց սեփականաշնորհումը առաջիկա տարում չի նախատեսվում: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ սեփականաշնորհման ենթակա ձեռնարկությունները և անավարտ շինարարության օբյեկտները չեն կարող տեղափոխվել որևէ այլ ցանկ:
4. Ծրագրով նախատեսված սեփականաշնորհվող և ապապետականացվող ձեռնարկությունների ցանկերում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ, որոնց նախագծերը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քննարկմանն են ներկայացվում Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից: Դրանք հաստատվելուց հետո համապատասխանաբար ավելացվում է սեփականաշնորհման սերտիֆիկատների թողարկման ծավալը:
(5-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 06.06.95 ՀՕ-140)