Հոդված 32. Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը բաց բաժնետիրական ընկերությունների ձևով
Հոդված 32. Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը բաց բաժնետիրական ընկերությունների ձևով
1. Հայաստանի Հանրապետությունում պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը դրանց հիման վրա բաց բաժնետիրական ընկերություններ ստեղծելու միջոցով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի ներկայացմամբ:
2. Պետական ձեռնարկությունների հիման վրա ստեղծվող բաց բաժնետիրական ընկերությունների հիմնադիր հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը, որը ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգից սահմանում է ընկերության կանոնադրական հիմնադրամի մեծությունը, մշակում է դրա կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցում է բաց բաժնետիրական ընկերությունը` առանց սահմանված կանխավճարը մուծելու:
Բաց բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցելուց հետո Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը իր հիմնադրի իրավունքները և բաժնետոմսերի փաթեթը փոխանցում է Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը, կամ եթե դրա մասին նշված է բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ` Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությանը, գերատեսչությանը կամ պետական կառավարման տեղական մարմնին:
3. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը կամ Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունը, գերատեսչությունը կամ պետական կառավարման տեղական մարմինը բաժնետոմսերին սկզբում բաժանորդագրում է ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամներին, ապա նաև ազատ բաժանորդագրություն է անցկացնում:
4. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը կամ Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունը, գերատեսչությունը կամ պետական կառավարման տեղական մարմինը սեփականաշնորհվող ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամներին բաժնետոմսերին բաժանորդագրում է սույն օրենքի 9 հոդվածով սահմանված կարգով բաց բաժնետիրական ընկերության գրանցման պահից մեկ ամսվա ընթացքում:
Ազատ բաժանորդագրության համար նախատեսված բաժնետոմսերը վաճառվում են մինչև վեց ամսվա, սակայն ոչ պակաս, քան մեկ ամսվա ընթացքում` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման:
Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամների ձեռք չբերած բաժնետոմսերը ենթակա են ազատ բաժանորդագրման:
Չվաճառված բաժնետոմսերը մնում են պետական սեփականություն և գտնվում են Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կամ Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարության, գերատեսչության կամ պետական կառավարման տեղական մարմնի տնօրինության տակ:
Բաց բաժնետիրական ընկերության ստեղծման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված կանոնադրական հիմնադրամի պետական բաժնեմասը (եթե այդպիսին նախատեսված է) նվազեցնելու համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության հատուկ որոշում, եթե նվազեցման կարգը սահմանված չէ բաց բաժնետիրական ընկերության ստեղծման մասին որոշմամբ:
(32-րդ հոդվածը խմբ., փոփ. 06.06.95 ՀՕ-140)