Հոդված 8. Սեփականաշնորհման սերտիֆիկատներ
Հոդված 8. Սեփականաշնորհման սերտիֆիկատներ
Ելնելով ծրագրից և Հայաստանի Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը թողարկում է սեփականաշնորհման սերտիֆիկատներ: Սեփականաշնորհման սերտիֆիկատներ ստանալու իրավունք ունեն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Սեփականաշնորհման բնագավառում անչափահասների իրավունքները իրականացնում են ծնողները կամ նրանց իրավունքների և շահերի օրինական ներկայացուցիչները:
Սեփականաշնորհման սերտիֆիկատներ ստանալու կարգը, պայմանները և թողարկման ծավալը սահմանվում է ծրագրով: Սեփականաշնորհման սերտիֆիկատների թողարկման ծավալը պակաս չպետք է լինի այդ ծրագրով սեփականաշնորհման համար նախատեսված պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների արժեքի 30 տոկոսից:
Սեփականաշնորհման սերտիֆիկատների գործողության ժամկետը սահմանվում է ծրագրով և չպետք է գերազանցի այդ ծրագրի գործադրման ժամկետը: Տվյալ ծրագրի գործադրման ժամկետում չօգտագործված սեփականաշնորհման սերտիֆիկատները փոխանակվում են սեփականաշնորհման նոր սերտիֆիկատների հետ` ելնելով այդ ծրագրի կատարման աստիճանից և նոր ծրագրում սեփականաշնորհման համար նախատեսված պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների վերագնահատված արժեքից: Սեփականաշնորհման սերտիֆիկատների փոխանակման կարգը և ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Սեփականաշնորհման սերտիֆիկատներ ստանալու փաստը վավերացվում է համապատասխան նշումով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձը հավաստող փաստաթղթում:
Սեփականաշնորհման սերտիֆիկատները դրանք ստանալու իրավունքն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև բաշխվում են հավասարաչափ և առանց վճարելու դրանց անվանական արժեքի համար: Սերտիֆիկատներ ստանալու վճարի չափը սահմանվում է ծրագրով` ելնելով դրանց տպագրության, բաշխման, շրջանառության և փոխանակման ծախսերը փոխհատուցելու անհրաժեշտությունից:
Սեփականաշնորհման սերտիֆիկատներն ունեն անվանական արժեք, որը հայտարարվում է Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող դրամական միավորով: Սեփականաշնորհման սերտիֆիկատները օրինական վճարման միջոց են սեփականաշնորհվող գույքի, բաժնեմասի կամ բաժնետոմսի համար և Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում պարտադիր են ընդունման միայն անվանական արժեքով և դրանց գործողության ժամկետներում:
Սեփականաշնորհման սերտիֆիկատները ենթակա են ազատ առուծախի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ցանկացած ձևով` ինչպես դրանց տերերի, այնպես էլ միջնորդ կազմակերպությունների կողմից ազատ ձևավորվող գներով:
Մեկ անձի կողմից տնօրինվող սեփականաշնորհման սերտիֆիկատների քանակը չի սահմանափակվում:
Սեփականաշնորհման սերտիֆիկատները ենթակա չեն ետգնման պետության կողմից, և պետությունը, պետական կազմակերպություններն ու ձեռնարկությունները չեն կարող մասնակցել սեփականաշնորհման սերտիֆիկատների առուծախին:
Սեփականաշնորհման համար ցանկացած վճարման ժամանակ սեփականաշնորհման սերտիֆիկատներով վճարվող մասի արժեքը չի սահմանափակվում:
Սեփականաշնորհման համար վճարման միջոց ծառայած սեփականաշնորհման սերտիֆիկատները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով դուրս են բերվում շրջանառությունից և մարվում:
(8-րդ հոդվածը խմբ., փոփ. 16.11.93 ՀՕ-87)