Հոդված 11. Պետական արարողակարգային ընթացակարգերը
Հոդված 11. Պետական արարողակարգային ընթացակարգերը
1. Օտարերկրյա պետության ղեկավարի այցի ընթացքում նախատեսվում են զրույց Հանրապետության Նախագահի հետ, այցելություն Ազգային ժողով և բանակցություններ վարչապետի հետ:
2. Օտարերկրյա կառավարության ղեկավարի պետական կամ պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում են զրույց Հանրապետության նախագահի հետ, բանակցություններ վարչապետի հետ և այցելություն Ազգային ժողով:
3. Օտարերկրյա պետության խորհրդարանի ղեկավարի այցի ընթացքում նախատեսվում են զրույց Հանրապետության նախագահի հետ, բանակցություններ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում և ըստ անհրաժեշտության՝ հանդիպում Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ:
4. Հայաստանի Հանրապետություն պետական այցերի ժամանակ Հանրապետության նախագահի անունից տրվող պաշտոնական ճաշին նախատեսվում է վարչապետի, Ազգային ժողովի նախագահի և Հանրապետության նախագահի հրավիրած այլ պաշտոնատար անձանց մասնակցությունը:
5. Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցերի ժամանակ Հանրապետության նախագահը մասնակցում է միայն իր անունից տրվող ընդունելություններին:
6. Հայաստանի Հանրապետություն այցելության ընթացքում միջազգային պայմանագրերի ստորագրումը, որպես կանոն, տեղի է ունենում վարչապետի ներկայությամբ:
7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ պաշտոնական արարողություններն անցկացվում են Հանրապետության նախագահի և վարչապետի մասնակցությամբ միջոցառումներին կամ Հայաստանի Հանրապետություն օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարների այցելությունների ժամանակ:
8. Պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ ընդունելության կազմակերպման այլ դեպքերը և կարգը սահմանվում են վարչապետի որոշմամբ:
9. Օդային փոխադրամիջոցով Հայաստանի Հանրապետություն այցելող բարձրաստիճան պատվիրակությունների դիմավորման և ճանապարհման արարողակարգային ընթացակարգերը, որպես կանոն, տեղի են ունենում նրանց վայրէջքի օդանավակայանում, իսկ վերգետնյա փոխադրամիջոցներով ժամանող պատվիրակություններինը՝ նրանց ընդունող պետական մարմնի նստավայրում։
10. Հանրապետության նախագահը կամ վարչապետը, որպես կանոն, դիմավորում և ճանապարհում է բարձրաստիճան պատվիրակությանը օդանավակայանում, եթե ժամանում է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետության կամ կառավարության ղեկավար կամ ելնելով փոխադարձության սկզբունքից:
11. Բարձրաստիճան պատվիրակությունների՝ Հայաստանի Հանրապետություն պետական և պաշտոնական այցի ծրագրում, որպես կանոն, ներառվում է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունը:
12. Պետական արարողակարգի միջոցառումների հատուկ ամսաթվեր են՝
1) ապրիլի 24՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ անփոփոխ արարողակարգով.
2) մայիսի 9՝ Հաղթանակի և խաղաղության տոն.
3) մայիսի 28՝ Հանրապետության տոն.
4) սեպտեմբերի 21՝ Անկախության տոն՝ անփոփոխ արարողակարգով: