Հոդված 12
Հոդված 12.
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով`
ա) ծննդյան գրանցման համար բազային տուրքի 10 տոկոսի չափով
բ) ամուսնության գրանցման համար բազային տուրքի չափով
գ) ամուսնալուծության գրանցման համար՝ անչափահաս երեխաներ չունեցող ամուսինների փոխադարձ համաձայնությամբ բազային տուրքի տասնապատիկի չափով
դ) դատարանի վճռի (որոշման) հիման վրա ամուսնալուծության գրանցման համար, եթե ամուսիններն առաջին անգամ են ամուսնացած բազային տուրքի տասնապատիկի չափով
ե) դատարանի վճռի (որոշման) հիման վրա ամուսնալուծության գրանցման համար, եթե ամուսիններից մեկը երկրորդ անգամ է ամուսնացած բազային տուրքի տասնհինգապատիկի չափով
զ) օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ հոգեկան հիվանդության, տկարամտության հետևանքով անգործունակ ճանաչված անձանց, ինչպես նաև երեք տարուց ոչ պակաս ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց հետ ամուսնալուծության գրանցման համար բազային տուրքի չափով
է) ազգանվան, անվան և հայրանվան փոփոխության գրանցման համար բազային տուրքի հնգապատիկի չափով
ը) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին վկայականների կրկնօրինակների համար բազային տուրքի կրկնապատիկի չափով
թ) հայրության (մայրության) ճանաչման համար բազային տուրքի չափով
ժ) որդեգրման գրանցման համար բազային տուրքի չափով
ժա) ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության և մահվան փաստերի վերականգնման վկայականների համար բազային տուրքի չափով
ժբ) քաղաքացիական կացության ակտերի գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանքի համար բազային տուրքի կրկնապատիկի չափով
ժգ) քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի կրկնօրինակ ստանալու ծանուցում ուղարկելու համար բազային տուրքի չափով:
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից (բաժնից) դուրս կատարվող քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքերը գանձվում են կրկնակի չափով: