Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-06-27-ից մինչև 2023-08-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 19. Լիազորված մարմնի և աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների միջև համագործակցությունը

գործել է մինչև 2023-08-02Բացել ARLIS-ում

Հոդված 19. Լիազորված մարմնի և աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների միջև համագործակցությունը

1. Լիազորված մարմինը սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համագործակցում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող աշխատանքի տեղավորման, այդ թվում` օտարերկրյա պետություններում աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների հետ:

2. Լիազորված մարմինը համագործակցել ցանկացող ոչ պետական կազմակերպության հետ ստորագրում է համագործակցության հուշագիր, որի հիման վրա նրան հաշվառում և ներառում է իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկում:

3. Համագործակցության հուշագիրը ներառում է՝

1) լիազորված մարմնի կողմից ոչ պետական կազմակերպության հաշվառման և լիազորված մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկում ներառման պայմանները.

2) լիազորված մարմնի կողմից ոչ պետական կազմակերպությանը հաշվառումից և լիազորված մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկից հանելու պայմանները.

3) ոչ պետական կազմակերպության կողմից սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված տեղեկատվական շտեմարանի ձևավորման և վարման պայմանները.

4) սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված տեղեկատվական շտեմարանի ձևավորման և վարման գործընթացների` լիազորված մարմնի կողմից մոնիթորինգի իրականացման պայմանները:

4. Լիազորված մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկում ներառված ոչ պետական կազմակերպությունը լիազորված մարմնից ստանում է՝

1) մեթոդական օգնություն և անվճար տեղեկատվություն աշխատաշուկայի իրավիճակի, այդ թվում՝ թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի մասին.

2) լիազորված մարմնում հաշվառված՝ աշխատանք փնտրող անձանց վերաբերյալ անվճար տեղեկատվություն.

3) ամենամյա ծրագրով նախատեսված զբաղվածության պետական ծրագրերի իրականացման գործընթացներին մասնակցության հնարավորություն:

5. Զբաղվածության պետական ծրագրերի իրականացման շրջանակում լիազորված մարմնի և ոչ պետական կազմակերպության փոխհարաբերությունները կարգավորվում են գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված համագործակցության հուշագրի շրջանակներում լիազորված մարմնի հետ համագործակցող աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունը ձևավորում և պատշաճ կերպով վարում է տեղեկատվական շտեմարան, որը ներառում է իր ծառայություններից օգտվող անձի անձնական տվյալների, աշխատանքի տեղավորման միջնորդության հիմնական պայմանների և դրանց կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:

7. Լիազորված մարմինը իր հետ համագործակցող ոչ պետական կազմակերպությանը հանում է հաշվառումից և այդ մասին եռօրյա ժամկետում իրազեկում է ոչ պետական կազմակերպությանը`

1) սույն հոդվածի 6-րդ մասում նշված տեղեկատվական շտեմարանը չունենալու և (կամ) պատշաճ կերպով չվարելու դեպքերում.

2) ոչ պետական կազմակերպության կողմից համապատասխան դիմում ներկայացվելու դեպքում:

8. Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունն աշխատանքի տեղավորման նպատակով իրեն դիմած անձի համար աշխատանքի տեղավորման ծառայություններ է մատուցում այդ անձի հետ կնքած պայմանագրի հիման վրա, որի օրինակելի ձևը սահմանում է լիազորված մարմինը:

9. Աշխատանք փնտրող անձին ոչ պետական կազմակերպության կողմից տրամադրվող ծառայությունները մատուցվում են անվճար, եթե դրանք իրականացվում են լիազորված մարմնի կողմից ոչ պետական կազմակերպությանը վերապահված՝ զբաղվածության պետական ծրագրերի իրականացման շրջանակներում:

(19-րդ հոդվածը փոփ. 18.05.15 ՀՕ-64-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։