Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 19. Ծառայության և աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների միջև համագործակցությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19. Ծառայության և աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների միջև համագործակցությունը

(վերնագիրը փոփ. 24.10.24 ՀՕ-417-Ն)

1. Ծառայությունը սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համագործակցում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող աշխատանքի տեղավորման, այդ թվում` օտարերկրյա պետություններում աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների հետ:

2. Ծառայությունը համագործակցել ցանկացող ոչ պետական կազմակերպության հետ ստորագրում է համագործակցության հուշագիր, որի հիման վրա նրան հաշվառում և ներառում է իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկում:

3. Համագործակցության հուշագիրը ներառում է՝

1) Ծառայության կողմից ոչ պետական կազմակերպության հաշվառման և Ծառայության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկում ներառման պայմանները.

2) Ծառայության կողմից ոչ պետական կազմակերպությանը հաշվառումից և Ծառայության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկից հանելու պայմանները.

3) ոչ պետական կազմակերպության կողմից սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված տեղեկատվական շտեմարանի ձևավորման և վարման պայմանները.

4) սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված տեղեկատվական շտեմարանի ձևավորման և վարման գործընթացների` Ծառայության կողմից մոնիթորինգի իրականացման պայմանները:

4. Ծառայության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկում ներառված ոչ պետական կազմակերպությունը Ծառայությունից ստանում է՝

1) մեթոդական օգնություն և անվճար տեղեկատվություն աշխատաշուկայի իրավիճակի, այդ թվում՝ թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի մասին.

2) Ծառայությունում հաշվառված՝ աշխատանք փնտրող անձանց վերաբերյալ անվճար տեղեկատվություն.

3) զբաղվածության պետական ծրագրերի իրականացման գործընթացներին մասնակցության հնարավորություն:

5. Զբաղվածության պետական ծրագրերի իրականացման շրջանակում Ծառայության և ոչ պետական կազմակերպության փոխհարաբերությունները կարգավորվում են գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված համագործակցության հուշագրի շրջանակներում Ծառայության հետ համագործակցող աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունը ձևավորում և պատշաճ կերպով վարում է տեղեկատվական շտեմարան, որը ներառում է իր ծառայություններից օգտվող անձի անձնական տվյալների, աշխատանքի տեղավորման միջնորդության հիմնական պայմանների և դրանց կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:

7. Ծառայությունը իր հետ համագործակցող ոչ պետական կազմակերպությանը հանում է հաշվառումից և այդ մասին եռօրյա ժամկետում իրազեկում է ոչ պետական կազմակերպությանը`

1) սույն հոդվածի 6-րդ մասում նշված տեղեկատվական շտեմարանը չունենալու և (կամ) պատշաճ կերպով չվարելու դեպքերում.

2) ոչ պետական կազմակերպության կողմից համապատասխան դիմում ներկայացվելու դեպքում:

8. Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունն աշխատանքի տեղավորման նպատակով իրեն դիմած անձի համար աշխատանքի տեղավորման ծառայություններ է մատուցում այդ անձի հետ կնքած պայմանագրի հիման վրա, որի օրինակելի ձևը սահմանում է Ծառայությունը:

9. Աշխատանք փնտրող անձին ոչ պետական կազմակերպության կողմից տրամադրվող ծառայությունները մատուցվում են անվճար, եթե դրանք իրականացվում են Ծառայության կողմից ոչ պետական կազմակերպությանը վերապահված՝ զբաղվածության պետական ծրագրերի իրականացման շրջանակներում:

(19-րդ հոդվածը փոփ. 18.05.15 ՀՕ-64-Ն, 11.07.23 ՀՕ-247-Ն, 24.10.24 ՀՕ-417-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։