Հոդված 11. «Մարտական խաչ» շքանշանը
Հոդված 11. «Մարտական խաչ» շքանշանը
1. «Մարտական խաչ» շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար:
2. «Մարտական խաչ» շքանշանն ունի երկու աստիճան`
1) «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան.
2) «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան:
3. «Մարտական խաչ» շքանշանի բարձրագույն աստիճանն 1-ին աստիճանն է:
4. «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվում են`
1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները` հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար, այլ անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար.
2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` մարտական գործողությունների ընթացքում ձեռք բերած նշանակալի հաջողությունների համար:
5. «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվում են`
1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, այլ անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` մարտական առաջադրանքների հմուտ կատարման համար.
2) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության, փրկարար, ազգային անվտանգության, արդարադատության նախարարության քրեակատարողական և հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների ծառայողները, այլ անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` ցուցաբերած արիության համար:
(11-րդ հոդվածը փոփ. 24.10.24 ՀՕ-440-Ն)