Հոդված 16.3. Ծառայությունում ծառայության հետ կապված հարաբերությունները
Հոդված 16.3. Ծառայությունում ծառայության հետ կապված հարաբերությունները
1. Ծառայությունում ծառայությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնադրություններով և կանոնագրքերով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, իսկ ծառայությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջների, ծառայողների՝ պաշտոնի նշանակման, տեղափոխման և պաշտոնից ազատման, պաշտոնի և պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարման, ծառայողների՝ ծառայության նոր վայր տեղափոխման, կոչումների շնորհման և զրկման, իջեցման ու վերականգնման, կոչումների շնորհման ժամկետների, ծառայողների ատեստավորման, վերապատրաստման, ուսումնառության, ուսումնական ծախսերի փոխհատուցման, կադրերի տրամադրության տակ թողնելու (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի), աշխատաժամանակի տևողության, հանգստի ժամանակի, հերթապահության, արձակուրդի, ծառայողների իրավունքների, պարտականությունների, ծառայողների նկատմամբ կիրառվող սահմանափակումների, ծառայողին հրամաններ տալու սահմանափակումների, ծառայության ժամկետների (բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ ծառայության ժամկետները երկարաձգելու դեպքերի), ծառայության ժամկետի հաշվարկման կարգի, ծառայությունից արձակման, ծառայության կամ պաշտոնում վերականգնման, ծառայությունից արձակված ծառայողներին տրվող վճարումների, արտոնությունների և կենսաթոշակի ապահովման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքով, իսկ ծառայողների սոցիալական պաշտպանվածության ու երաշխիքների, ծառայությունում շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների զինվորական ծառայություն անցնելու կարգի (բացառությամբ սույն օրենքի 17.1-ին հոդվածի 3-13-րդ մասերով նախատեսված՝ հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման) հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով:
2. Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ ծառայության ծառայողը կարող է թողնվել կադրերի տրամադրության տակ ծառայության մի կառուցվածքային ստորաբաժանումից մինչև ծառայության մեկ այլ կառուցվածքային ստորաբաժանում տեղափոխվելը` մինչև 2 ամիս ժամկետով: Սույն մասով նախատեսված դեպքում կադրերի տրամադրության տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածում ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:
3. Ծառայությունում սահմանվում են նաև քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հաստիքներ, որոնք զբաղեցնող անձինք ծառայողներ չեն, և նրանց աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
4. Սահմանային տարիքի հասած ծառայողների` ծառայությունում ծառայության ժամկետները տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է երկարաձգել մինչև 10 (բարձրագույն սպայական կազմի ծառայողներինը` մինչև 5) տարի ժամկետով՝ հաշվի առնելով համապատասխան ծառայողի գիտելիքները, հմտությունները, ունակությունները և ֆիզիկական պատրաստվածությունը:
5. Ծառայությունում 20 և ավելի տարի անբասիր ծառայած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանն առանձնակի ծառայություններ մատուցած սպայական և ենթասպայական կազմերի ծառայողներին, անկախ ծառայությունում ծառայության ընդհանուր ժամկետից, ծառայության պետի հրամանով կարող է վերապահվել զինվորական համազգեստ կրելու իրավունք: Ծառայության բարձրագույն սպայական կոչում ունեցող ծառայողները ծառայությունից արձակվելուց հետո իրավունք ունեն կրելու զինվորական համազգեստ:
(16.3-րդ հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-610-Ն)
(23.12.22 ՀՕ-610-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)