Հոդված 206. ՎԿԱՅԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 206. ՎԿԱՅԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Վկային կարելի է հարցաքննել գործի համար նշանակություն ունեցող ցանկացած հանգամանքի, այդ թվում` կասկածյալի, մեղադրյալի, տուժողի, այլ վկաների անձի մասին:
2. Վկան հարցաքննվում է նախաքննության կատարման վայրում, իսկ անհրաժեշտության դեպքում` իր գտնվելու վայրում:
3. Վկան հարցաքննվում է այլ վկաներից անջատ: Ընդ որում, քննիչը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի նույն գործով կանչված վկաները, մինչև հարցաքննության ավարտը, հաղորդակցություն չունենան միմյանց հետ:
4. Հարցաքննությունից առաջ քննիչը հավաստիանում է վկայի ինքնության մեջ, տեղեկացնում, թե որ գործով է նա կանչվել և նախազգուշացնում է գործով նրան հայտնի ամեն ինչ պատմելու պարտականության, ինչպես նաև ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու, սուտ ցուցմունքներ տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին: Վկային հաղորդվում է, որ նա պարտավոր չէ տալ իրեն, ամուսնուն կամ իր մերձավոր ազգականներին հանցագործության մեջ մերկացնող ցուցմունքներ: Դրանից հետո քննիչը պարզում է կասկածյալի, մեղադրյալի, տուժողի հետ վկայի փոխհարաբերության բնույթը և սկսում է հարցաքննությունը:
5. Հարցաքննությունն սկսվում է նրանով, որ առաջարկվում է վկային պատմել գործով իրեն հայտնի ամեն ինչ, որից հետո նրան կարող են հարցեր տրվել:
(206-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն)