Հոդված 209. ՎԿԱՅԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 209. ՎԿԱՅԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Վկայի հարցաքննության մասին կազմվում է արձանագրություն: Արձանագրության մեջ նշվում են դրա կատարման տեղը և ժամանակը, հարցաքննություն կատարող անձի պաշտոնը և ազգանունը, վկայի անունը, ազգանունը, տարիքը, քաղաքացիությունը, կրթությունը, աշխատանքի վայրը, զբաղմունքի տեսակը կամ պաշտոնը, գրանցման և փաստացի բնակության վայրը, ինչպես նաև տվյալներ` կասկածյալի, մեղադրյալի, տուժողի հետ նրա փոխհարաբերությունների մասին: Արձանագրության մեջ նշվում է վկային նրա իրավունքները և պարտականությունները բացատրված լինելու հանգամանքը:
2. Վկայի ցուցմունքները և առաջադրված հարցերին նրա տված պատասխանները գրի են առնվում առաջին դեմքով և, հնարավորության սահմաններում, բառացիորեն:
3. Վկան ցուցմունքները շարադրում է հայերեն կամ այն լեզվով, որին նա տիրապետում է: Եթե վկան չի տիրապետում հայերենին, ապա հարցաքննությունը կատարվում է թարգմանչի մասնակցությամբ:
4. Վկայի ցանկությամբ նրան հնարավորություն է տրվում ցուցմունքները գրել իր ձեռքով, որի մասին արձանագրության մեջ կատարվում է համապատասխան նշում:
5. Հարցաքննությունն ավարտելուց հետո քննիչը վկային ծանոթացնում է արձանագրությանը: Վկան իրավունք ունի քննիչին միջնորդել արձանագրության մեջ մտցնելու լրացումներ և ուղղումներ:
6. Վկան և քննիչն ստորագրում են արձանագրության վերջում, իսկ վկան և թարգմանիչը` նաև արձանագրության յուրաքանչյուր էջի վրա:
7. Արձանագրությունն ստորագրելուց վկայի հրաժարվելու դեպքում քննիչը պարզում է հրաժարման պատճառները և արձանագրությունը հաստատում է իր ստորագրությամբ: Եթե վկան ֆիզիկական պակասությունների կամ անգրագիտության հետևանքով զրկված է արձանագրությունն անձամբ ստորագրելու հնարավորությունից, քննիչն այդ մասին նշում է արձանագրության մեջ և այն հաստատում իր ստորագրությամբ:
(209-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)