Հոդված 21
Հոդված 21
Աուդիտորական ծառայությունների մատուցման կազմակերպումը
1. Անդամ պետությունն է իր օրենսդրությամբ սահմանում է պահանջներ, որոնց համապատասխան՝
ա) աուդիտորական կազմակերպությունը, անհատ աուդիտորը պետք է ապահովված լինեն աուդիտորական ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ և բավարար ֆինանսական, նյութական և աշխատանքային ռեսուրսներով.
բ) աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի՝ իրենց կողմից մատուցված աուդիտորական ծառայությունների դիմաց աուդիտորական վարձատրությունը՝
պետք է լինի բավարար աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված աուդիտորական ծառայությունը՝ աուդիտորական ծառայության ստանդարտներին համապատասխան մատուցելու համար.
չի կարող պայմանավորված լինել աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի կողմից աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված աուդիտորական ծառայության մատուցման արդյունքում ձևավորվող անկախ կարծիքին ներկայացվող որևէ պահանջի կատարմամբ, ինչպես նաև աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի կողմից այդ անձին լրացուցիչ ծառայությունների մատուցմամբ.
չի կարող պայմանավորված լինել ապագայում որևէ իրադարձության (փաստի) վրա հասնելով։
2. Աուդիտորական կազմակերպությունը, անհատ աուդիտորը պետք է վարեն այն անձանց հաշվառումը, որոնց մատուցվել են աուդիտորական ծառայություններ։ Յուրաքանչյուր այդպիսի անձի վերաբերյալ աուդիտորական կազմակերպությունը, անհատ աուդիտորը պետք է ունենան հետևյալ տեղեկատվությունը.
ա) անվանումը, գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն և գործունեության փաստացի իրականացման հասցեն).
բ) աուդիտորական ծառայությունների մատուցման համար պատասխանատու անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).
գ) աուդիտորական վարձատրության չափը և սույն համաձայնագրի 23-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ցանկացած այլ ծառայության դիմաց այդ անձից ստացված վարձատրության չափը.
դ) աուդիտորական կազմակերպությանը, անհատ աուդիտորին իրենց կողմից մատուցված աուդիտորական ծառայությունների առնչությամբ ներկայացված ցանկացած գրավոր դժգոհություն։
3. Աուդիտորական կազմակերպությունը, անհատ աուդիտորը պարտավոր են՝
ա) իրականացնել աուդիտորական ծառայությունների մատուցման յուրաքանչյուր պայմանագրի մասով աշխատանքային փաստաթղթերի վարում՝ աուդիտորական գործունեության ստանդարտներով սահմանված ծավալով ու կարգով.
բ) ձևակերպել աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրի մասով աշխատանքային փաստաթղթերն աուդիտորական եզրակացությունը, եզրակացությունը, հաշվետվությունը կազմելու օրվանից 60 օրացուցային օրվանից ոչ ուշ.
գ) պահել աշխատանքային փաստաթղթերն աուդիտորական եզրակացությունը, եզրակացությունը, հաշվետվությունը կազմելու օրվանից առնվազն 5 տարի։
4. Անդամ պետությունն իրավունք ունեն իր օրենսդրությամբ սահմանելու պահանջներ՝
ա) աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի աշխատանքային փաստաթղթերի վարումն իրականացնելու նկատմամբ՝ ի լրումն սույն հոդվածով նախատեսված պահանջների.
բ) աուդիտորական կազմակերպությունների ղեկավարների և (կամ) աուդիտորական ծառայությունների մատուցման մասով առաջադրանքների ղեկավարների նկատմամբ։