Հոդված 26.1. Սպառողների շահերը խախտող գործելակերպը
Հոդված 26.1. Սպառողների շահերը խախտող գործելակերպը
1. Սպառողների շահերը խախտող գործելակերպ են համարվում տնտեսավարող սուբյեկտի ցանկացած վարքագիծ, գործողություն կամ անգործություն, որոնք ազդում են կամ կարող են ազդել անորոշ շրջանակով սպառողների կամ սպառողների խմբի շահերի վրա և հակասում են սույն օրենքին, այլ օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի կամ գործարար շրջանառության սովորույթներին կամ խախտում են սպառողների նկատմամբ բարեխղճության, ազնվության, արդարության, ճշմարտության կամ անաչառության սկզբունքները:
2. Սպառողների շահերը խախտող գործելակերպն արգելվում է:
3. Սպառողների շահերը խախտող գործելակերպ են համարվում սույն հոդվածի 1-ին մասի հատկանիշներին համապատասխանող ցանկացած վարքագիծ, գործողություն կամ անգործություն, այդ թվում՝
1) «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքով նախատեսված անարդար առևտրային գործելակերպը.
2) օրենքին հակասող, այդ թվում` անբարեխիղճ կամ հակաօրինական կամ հավաստիության կամ պատշաճության խախտմամբ իրականացվող գովազդը.
3) սպառողների հետ կնքվող միանալու պայմանագրերին կամ պայմանագրի ընդհանուր պայմաններին ներկայացվող պահանջների խախտումը.
4) ապրանքի որակին, քանակին և այլ բնութագրերին ներկայացվող պահանջների խախտումը.
5) «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ ապրանքի գնի ներկայացման կանոնների խախտումը:
4. Սպառողների շահերը խախտող գործելակերպի հատկանիշների առկայության հարցը գնահատում է Հանձնաժողովը:
5. Սույն հոդվածը չի տարածվում այն վարքագծի, գործողության կամ անգործության վրա, որոնց հետևանքով կարող է վնաս հասցվել սպառողների կյանքին, առողջությանը, անվտանգությանը, հասարակական կամ պետական անվտանգությանը կամ շրջակա միջավայրին:
6. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված հասկացությունները կիրառվում են «Գովազդի մասին» օրենքի իմաստով:»: