Հոդված 25
Հոդված 25.
Օրենքի 30-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի «4-րդ մասով» բառերը փոխարինել «4-րդ և 4.1-ին մասերով» բառերով.
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Իրավաբանական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների, ինչպես նաև վարկային բյուրոների կողմից սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, բացառությամբ սույն հոդվածի 4.1-ին մասով նախատեսված դեպքերի, յուրաքանչյուր խախտման համար՝
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հինգհազարապատիկի չափով:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-4.3-րդ մասերով.
«4.1. Իրավաբանական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների և անձանց, ինչպես նաև վարկային բյուրոների կողմից սույն օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը յուրաքանչյուր խախտման համար՝
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև տասհազարապատիկի չափով:
4.2. Ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև տրաստի իրավաբանական անձ հանդիսացող կառավարչի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող իրավաբանական անձի կողմից սույն օրենքով նախատեսված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
4.3. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում նշանակված նախազգուշացմամբ կարող են տրվել նաև խախտումները վերացնելու, շտկելու կամ հետագայում բացառելու հանձնարարականներ` սահմանելով խախտումները վերացնելու կամ շտկելու հանձնարարականների կատարման ժամկետներ կամ միջոցառումներ:».
4) 6-րդ և 7-րդ մասերի «նկատմամբ պատասխանատվության միջոցները կիրառում է» բառերը փոխարինել «կատարած իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում է» բառերով: