Հոդված 45. Հայկական դրամի հատկանիշները
Հոդված 45. Հայկական դրամի հատկանիշները
Կենտրոնական բանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության օրինական վճարամիջոց հանդիսացող թղթադրամի և մետաղադրամի (այդ թվում՝ հուշադրամի) անվանական արժեքը, չափը, կշիռը, պատկերներով ու մակագրություններով էսքիզը, պաշտպանական և վճարունակության հատկանիշները: Հայաստանի Հանրապետության օրինական վճարամիջոց հանդիսացող թղթադրամների վրա պետք է լինեն Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահի և կառավարության լիազորած մարմնի ղեկավարի ստորագրությունները:
Գովազդի կամ այլ նպատակներով Հայաստանի Հանրապետության թղթադրամի պատկերը թղթի վրա արտապատկերված ձևով օգտագործելու դեպքում օգտագործվող պատկերի գծային չափերը (լայնությունը և երկարությունը) պետք է փոքր կամ մեծ լինեն դրա` Կենտրոնական բանկի սահմանած իրական չափերից առնվազն 25 տոկոսով, բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից այդ պատկերն օգտագործվելու դեպքերի:
Սույն հոդվածի երկրորդ մասում նշված նպատակներով և չափերով Հայաստանի Հանրապետության թղթադրամի դիմերեսի և դարձերեսի պատկերները թույլատրվում է միաժամանակ օգտագործել միայն թղթի մեկ կողմում, բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից այդ պատկերների օգտագործման դեպքերի:
Կինոնկարահանումների, թատերական, կրկեսային և այլ ներկայացումների, օպերատիվ հետախուզական միջոցառումների ժամանակ և այլ բացառիկ դեպքերում Կենտրոնական բանկի թույլտվությամբ սույն հոդվածի երկրորդ և երրորդ մասերով սահմանված կանոններից կարող են նախատեսվել բացառություններ: Այդ դեպքերում Հայաստանի Հանրապետության թղթադրամի պատկերների օգտագործումից անմիջապես հետո դրանք և դրանց պատրաստման համար օգտագործված նյութերը (ֆայլերը, մատրիցաները, տպագրաձևերը և այլն) պետք է ոչնչացվեն Կենտրոնական բանկի սահմանած կարգով և հսկողությամբ:
Սույն հոդվածի երկրորդ և երրորդ մասերի իրականացման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում և դրանց խախտման համար վարչական պատասխանատվության միջոցներ է կիրառում պետական կառավարման լիազորված մարմինը` «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(45-րդ հոդվածը լրաց. 11.05.04 ՀՕ-73-Ն, փոփ. 25.12.06 ՀՕ-44-Ն)