Հոդված 5. Կենտրոնական բանկի այլ նպատակներն ու գործառույթները
Հոդված 5. Կենտրոնական բանկի այլ նպատակներն ու գործառույթները
(վերնագիրը խմբ. 13.12.17 ՀՕ-313-Ն)
1. Կենտրոնական բանկի այլ նպատակներն են`
ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունության, իրացվելիության, վճարունակության և բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելը.
բ) դրամավարկային, ֆինանսական համակարգի, վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վիճակագրության հավաքագրումը, ամփոփումը և հրապարակումը.
գ) գործուն վճարահաշվարկային համակարգերի ստեղծումն ու զարգացումը.
դ) Հայաստանի Հանրապետության արժույթի թողարկումը, դրամաշրջանառության կազմակերպումը և կարգավորումը.
ե) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կազմակերպումն ու կարգավորումը.
զ) արժեթղթերում ներդրողների պաշտպանության, շուկայում արժեթղթերի արդար գնագոյացման համակարգի ձևավորման ու պահպանման, արժեթղթերի արդար, թափանցիկ և վստահելի շուկայի կանոնակարգված և բնականոն գործունեության և զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.
է) ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.
ը) ֆինանսական համակարգում ազատ և բարեխիղճ տնտեսական մրցակցության ապահովումը:
2. Իր նպատակներն իրագործելու համար Կենտրոնական բանկը`
ա) իրականացնում է կառավարության բանկային սպասարկումը.
բ) հանդիսանում է կառավարության ֆինանսական գործակալն ու խորհրդատուն.
գ) լիցենզավորում է բանկերը, օրենքով նախատեսված դեպքերում` նաև այլ անձանց, կազմակերպությունները ճանաչում է որպես ֆինանսական խումբ, կարգավորում և վերահսկում է դրանց գործունեությունը.
դ) որպես վերջին ատյանի վարկատու՝ վարկեր է տրամադրում բանկերին.
ե) կարգավորում և վերահսկում է վճարահաշվարկային համակարգերը, իրականացնում է վճարահաշվարկային և արժեթղթերի հաշվարկային համակարգերի հսկողություն.
զ) տիրապետում, օգտագործում և տնօրինում է Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստները.
է) դրամավարկային, ֆինանսական համակարգի, վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վիճակագրության հավաքագրման, ամփոփման և հրապարակման համար ստանում է անհրաժեշտ տվյալներ, վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վերաբերյալ վիճակագրական անհատական (անվանական) տվյալներ (վիճակագրական գաղտնիք հանդիսացող տվյալներ) պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունից: Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունից ստացվող անհատական (անվանական) տվյալներն օգտագործվում են բացառապես վիճակագրական նպատակների համար` համաձայն Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների պահանջների: Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը և Կենտրոնական բանկը համատեղ որոշում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հավաքագրվող վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վերաբերյալ հավաքագրման ենթակա տվյալների բովանդակությունը և հավաքագրման մեթոդաբանությունը.
ը) իրականացնում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումը, համակարգումն ու վերլուծությունը, տեղեկությունների փոխանակումը և տրամադրումը ներպետական իրավասու մարմիններին և միջազգային կազմակերպություններին, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում՝ նաև այլ պետությունների իրավասու մարմիններին.
թ) օրենքով սահմանված կարգով ապահովում է ֆինանսական համակարգում ազատ ու բարեխիղճ տնտեսական մրցակցություն, ընդունում է գերիշխող դիրքի չարաշահումների, հակամրցակցային համաձայնությունների, համակենտրոնացումների վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր և տիպաբանություններ.
ժ) իրականացնում է մակրոտնտեսական, ֆինանսական քաղաքականությունների, տնտեսագիտության և կարգավորման դաշտի վերաբերյալ հետազոտություններ:
(5-րդ հոդվածը լրաց., փոփ. 23.10.01 ՀՕ-243, փոփ. 29.05.02 ՀՕ-371-Ն, լրաց. 14.12.04 ՀՕ-17-Ն, 08.12.05 ՀՕ-245-Ն, փոփ. 26.05.08 ՀՕ-83-Ն, լրաց. 17.06.08 ՀՕ-132-Ն, 12.11.15 ՀՕ-133-Ն, խմբ. 13.12.17 ՀՕ-313-Ն, փոփ. 03.03.21 ՀՕ-97-Ն)