Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-07-26-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքի իմաստով`

1) գույքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 103.1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանված գույքն է.

2) փողերի լվացումը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված արարքն է.

2.1) նախորդող հանցագործությունը հանցագործություն է, որի կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի ստացվել կամ առաջացել է գույքը.

3) ահաբեկչության ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 217.1-ին հոդվածով նախատեսված արարքն է.

3.1) զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորումը գույքի տրամադրումը կամ հավաքումն է կամ ֆինանսական ծառայությունների մատուցումը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածով և 387-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքների կատարման նպատակով.

4) հաշվետվություն տրամադրող անձինք են`

ա. բանկերը,

բ. վարկային կազմակերպությունները,

գ. արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձինք,

դ. դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող անձինք,

ե. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ ներդրումային ծառայություններ մատուցող անձինք, բացառությամբ կորպորատիվ ներդրումային ֆոնդերի կառավարիչների` ներդրումային ֆոնդերի կառավարման գործունեության մասով,

զ. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Կենտրոնական դեպոզիտարիան,

է. ապահովագրական (ներառյալ՝ վերաապահովագրական) ընկերությունները և ապահովագրական (ներառյալ՝ վերաապահովագրական) միջնորդային գործունեություն իրականացնող անձինք,

ը. կորպորատիվ ներդրումային ֆոնդերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված կառավարիչ չունեցող ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդերը,

թ. գրավատները,

ժ. ռիելթորական գործունեություն իրականացնող անձինք,

ժա. նոտարները,

ժբ. փաստաբանները, ինչպես նաև իրավաբանական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք,

ժգ. անհատ ձեռնարկատեր հաշվապահները և հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք,

ժդ. աուդիտորական կազմակերպությունները և աուդիտորները,

ժե. թանկարժեք մետաղների դիլերները,

ժզ. թանկարժեք քարերի դիլերները,

ժէ. արվեստի գործերի դիլերները,

ժը. սակարկությունների կազմակերպիչները,

ժթ. խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպիչները,

ի. հավատարմագրային կառավարման և իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցող անձինք,

իա. վարկային բյուրոները, որոնց նկատմամբ սույն օրենքը տարածվում է միայն 6-8-րդ հոդվածներով սահմանված կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության ներկայացման պարտականության, 9-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հաշվառման պարտականության և 30-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված պատասխանատվության մասերով,

իբ. անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազորված մարմինը, որի նկատմամբ սույն օրենքը տարածվում է միայն 6-8-րդ հոդվածներով սահմանված հաշվետվությունների տրամադրման պարտականության, 9-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հաշվառման պարտականության և 30-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված պատասխանատվության մասերով,

իգ. իրավաբանական անձանց գրանցող պետական մարմինը (պետական ռեգիստրը), որի նկատմամբ սույն օրենքը տարածվում է միայն 6-8-րդ հոդվածներով սահմանված հաշվետվությունների տրամադրման պարտականության մասով՝ 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում, ինչպես նաև 9-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով սահմանված պարտականությունների և 30-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված պատասխանատվության մասերով.

5) ֆինանսական հաստատությունները սույն մասի 4-րդ կետի «ա»-«թ» ենթակետերով սահմանված հաշվետվություն տրամադրող անձինք են.

6) ոչ ֆինանսական հաստատությունները կամ անձինք սույն մասի 4-րդ կետի «ժ»-«ի» ենթակետերով սահմանված հաշվետվություն տրամադրող անձինք են:

Սույն օրենքի 4-րդ, 23-րդ և 25-րդ հոդվածները ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց նկատմամբ տարածվում են միայն դրանց՝ 10-ից ավելի աշխատակից ունենալու դեպքում.

7) լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է.

8) վերահսկող մարմինը հաշվետվություն տրամադրող անձին լիցենզավորող (նշանակող, որակավորում տվող կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրող) և վերահսկողություն իրականացնող իրավասու մարմինն է.

9) գործարքը հաշվետվություն տրամադրող անձի և հաճախորդի կամ լիազորված անձի միջև, ինչպես նաև հաճախորդի կամ լիազորված անձի և այլ անձի միջև գործարքն է, որը կատարվում է հաշվետվություն տրամադրող անձի միջոցով կամ հանդիսանում է հաշվետվություն տրամադրող անձի ուսումնասիրության (դիտարկման) առարկա: Գործարք կարող է համարվել նաև որոշակի գործարքի հիման վրա կամ դրա արդյունքում իրավունքներ և պարտականություններ առաջացնող, փոփոխող կամ դադարեցնող յուրաքանչյուր գործողություն.

9.1) դրամական փոխանցումը գործարք է, որը ֆինանսական հաստատության միջոցով կատարվում է փոխանցումը կատարողի անունից՝ նպատակ ունենալով այդ կամ այլ ֆինանսական հաստատությունում որոշակի գումար հասանելի դարձնել փոխանցումն ստացողի համար՝ անկախ փոխանցումը կատարողի և փոխանցումն ստացողի՝ նույն անձը լինելու հանգամանքից.

10) միանգամյա գործարքը գործարք է, որի արդյունքում պարբերական ծառայությունների տրամադրման պարտավորություններ չեն առաջանում, և (կամ) որը գործարար հարաբերության հաստատում չի ենթադրում.

11) փոխկապակցված միանգամյա գործարքները միևնույն կողմի մասնակցությամբ միատեսակ բնույթի միանգամյա գործարքներն են, որոնք կատարվում են 24 ժամվա ընթացքում.

12) գործարար հարաբերությունը հաշվետվություն տրամադրող անձի կողմից հաճախորդին մատուցվող պարբերական ծառայություններն են, որոնք չեն սահմանափակվում մեկ կամ մի քանի միանգամյա գործարքներով: Գործարար հարաբերությունը չի ներառում հաշվետվություն տրամադրող անձի այն գործունեությունը, որի շրջանակներում հաշվետվություն տրամադրող անձը սեփական կարիքների համար իրականացնում է տվյալ տեսակի հաշվետվություն տրամադրող անձանց համար օրենքով սահմանված գործունեությունից տարբեր այլ գործունեություն.

13) հաճախորդը հաշվետվություն տրամադրող անձի հետ գործարար հարաբերություն հաստատող կամ այդպիսի հարաբերությունների մեջ գտնվող անձն է, ինչպես նաև այն անձը, որը հաշվետվություն տրամադրող անձին առաջարկում է կատարել կամ կատարում է միանգամյա գործարք.

14) իրական շահառուն ֆիզիկական անձ է, որի անունից կամ օգտին հաճախորդն իրականում գործում է, և (կամ) որն իրականում (փաստացի) վերահսկում է հաճախորդին կամ այն անձին, որի անունից կամ օգտին գործարքը կատարվում է, կամ գործարար հարաբերությունը հաստատվում է: Իրավաբանական անձի (բացառությամբ տրաստի կամ օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ իրավաբանական կազմավորման) իրական շահառու է համարվում այն ֆիզիկական անձը, որը՝

ա. ուղղակի կամ անուղղակի տիրապետում է տվյալ իրավաբանական անձի՝ ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 20 և ավելի տոկոսին կամ ուղղակի կամ անուղղակի կերպով ունի 20 և ավելի տոկոս մասնակցություն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում,

բ. տվյալ իրավաբանական անձի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն այլ միջոցներով,

գ. հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի գործունեության ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ այն դեպքում, երբ առկա չէ սույն կետի «ա» և «բ» ենթակետերի պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձ.

15) լիազորված անձը հաճախորդի հանձնարարությամբ և հաճախորդի անունից գործարքի կատարման կամ գործարար հարաբերությունում որոշակի իրավաբանական կամ փաստացի գործողությունների իրականացման լիազորություն ունեցող, այդ թվում՝ լիազորագրով կամ օրենքով սահմանված այլ հիմքով հաճախորդի կողմից տրված լիազորությունների հիման վրա ներկայացուցչություն իրականացնող անձն է.

16) իրավաբանական անձը Հայաստանի Հանրապետության և (կամ) օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունը կամ հիմնարկն է, ինչպես նաև տրաստը կամ օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող իրավաբանական կազմավորումը.

16.1) տրաստը օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ իրավաբանական կազմավորում է, որտեղ տրաստի կառավարիչը ֆիդուցիար պարտավորությունների հիման վրա կատարում է տրաստի հիմնադրի կողմից սեփականության իրավունքով իրեն փոխանցված գույքի հետ կապված գործարքներ՝ ի շահ տրաստի շահառուի.

17) հաճախորդի գործարար բնութագիրը հաճախորդի գործունեության բնույթի, ազդեցության ու նշանակության, գործարար հարաբերությունների և միանգամյա գործարքների առկա ու ակնկալվող շարժի, ծավալների և ոլորտների, լիազորված անձանց և իրական շահառուների առկայության, ինքնության ու փոխկապակցվածության բնույթի, ինչպես նաև հաճախորդի գործունեությանը վերաբերող այլ փաստերի և հանգամանքների վերաբերյալ հաշվետվություն տրամադրող անձի տեղեկությունների (պատկերացումների) ամբողջությունն է.

18) գործարքի մյուս կողմը հաճախորդի կողմից իրականացվող գործարքի այլ մասնակից է, որը տրամադրում (փոխանցում) կամ որին հասցեագրվում է գործարքից բխող գույքը.

19) հաճախորդի պատշաճ ուսումնասիրությունը հաշվետվություն տրամադրող անձի կողմից հաճախորդի վերաբերյալ պատշաճ պատկերացում կազմելու նպատակով նրա ինքնության և գործարար բնութագրի վերաբերյալ ռիսկերի վրա հիմնված մոտեցման կիրառմամբ տեղեկություններ (ներառյալ՝ փաստաթղթեր) ձեռք բերելու ու վերլուծության գործընթաց է, որը ներառում է՝

ա. հաճախորդի (այդ թվում՝ լիազորված անձի և իրական շահառուի) նույնականացումը և ինքնության ստուգումը,

բ. գործարքի կամ գործարար հարաբերության նպատակի և նախատեսվող բնույթի պարզումը,

գ. գործարար հարաբերության ընթացիկ պատշաճ ուսումնասիրությունը.

20) ռիսկը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման վտանգավորության և դրա հավանականության մասին վկայող հանգամանք է, որը կարող է բնութագրվել ըստ երկրների կամ աշխարհագրական տեղակայման, հաճախորդների տեսակի, գործարքների կամ գործարար հարաբերությունների տեսակի, ծառայությունների տեսակի կամ այլ չափանիշների.

21) բարձր ռիսկի չափանիշը սույն օրենքով, լիազոր մարմնի իրավական ակտերով, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերով սահմանված այնպիսի չափանիշ է, որը վկայում է փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման բարձր հավանականության մասին, այդ թվում՝ քաղաքական ազդեցություն ունեցող անձ հանդիսացող հնարավոր կամ առկա հաճախորդները կամ իրական շահառուները, կյանքի ապահովագրության վկայագրերի շահառուները, անձինք (ներառյալ` ֆինանսական հաստատությունները), որոնք գտնվում կամ բնակվում են չհամապատասխանող երկրներում կամ տարածքներում կամ այդպիսի երկրներից կամ տարածքներից են, բոլոր բարդ կամ անսովոր մեծ գումարով գործարքները, ինչպես նաև անսովոր պայմաններով գործարքները կամ գործարար հարաբերությունները, որոնց տնտեսական կամ այլ իրավաչափ նպատակներն ակնհայտ չեն: Ընդ որում, գործարքում կամ գործարար հարաբերությունում բարձր ռիսկի չափանիշի առկայությունը լիազոր մարմնի նախատեսած դեպքերում կարող է բնորոշվել սահմանված չափանիշների համակցությամբ.

22) հաճախորդի հավելյալ ուսումնասիրությունը հաշվետվություն տրամադրող անձի կողմից հաճախորդի պատշաճ ուսումնասիրության գործընթացի ընդլայնված կիրառումն է, որի դեպքում, ի լրումն հաճախորդի պատշաճ ուսումնասիրությամբ սահմանված գործողությունների, անհրաժեշտ է նաև առնվազն՝

ա. ստանալ ավագ ղեկավարության հավանությունը` հաճախորդի հետ գործարար հարաբերություն հաստատելուց առաջ, գործարար հարաբերությունը շարունակելու համար, ինչպես նաև այն դեպքերում, երբ հետագայում պարզվում է, որ հաճախորդը կամ իրական շահառուն բնութագրվում է բարձր ռիսկի չափանիշով, կամ գործարքը կամ գործարար հարաբերությունը ներառում են այդպիսի չափանիշ,

բ. ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ` հաճախորդի, ինչպես նաև քաղաքական ազդեցություն ունեցող անձ հանդիսացող իրական շահառուի եկամուտների և ունեցվածքի աղբյուրը պարզելու համար,

գ. հնարավորին չափ մանրամասն ուսումնասիրել գործարքի կամ գործարար հարաբերության նախապայմանները և նպատակը,

դ. քաղաքական ազդեցություն ունեցող անձի դեպքում իրականացնել ընթացիկ հավելյալ դիտարկում.

23) ցածր ռիսկի չափանիշը սույն օրենքով կամ լիազոր մարմնի իրավական ակտերով սահմանված այնպիսի չափանիշ է, որը վկայում է փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման ցածր հավանականության մասին, այդ թվում՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսանկյունից արդյունավետորեն վերահսկվող ֆինանսական հաստատությունները, պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, պետական ոչ առևտրային կազմակերպությունները, համայնքային կառավարչական հիմնարկները, բացառությամբ չհամապատասխանող երկրներում կամ տարածքներում գտնվող մարմինների կամ կազմակերպությունների: Ընդ որում, գործարքում կամ գործարար հարաբերությունում ցածր ռիսկի չափանիշի առկայությունը լիազոր մարմնի նախատեսած դեպքերում կարող է բնորոշվել սահմանված չափանիշների համակցությամբ.

24) հաճախորդի պարզեցված ուսումնասիրությունը հաշվետվություն տրամադրող անձի կողմից հաճախորդի պատշաճ ուսումնասիրության գործընթացի սահմանափակ կիրառումն է, որի դեպքում նույնականացում և ինքնության ստուգում իրականացնելիս հավաքվում են հետևյալ տեղեկությունները՝

ա. ֆիզիկական անձի համար՝ անունը, ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի տվյալները,

բ. իրավաբանական անձի համար՝ անվանումը և անհատականացման համարը (պետական գրանցման, հաշվառման համարը և այլն),

գ. պետական մարմնի և տեղական ինքնակառավարման մարմնի համար՝ լրիվ պաշտոնական անվանումը.

25) քաղաքական ազդեցություն ունեցող անձը պետական, քաղաքական կամ հանրային բնույթի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունում նշանակալից գործառույթներ իրականացրած կամ իրականացնող անձն է (այդ թվում՝ նրա ընտանիքի անդամը կամ նրա հետ սերտորեն փոխկապակցված անձը): Ընդ որում, քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը չի ընդգրկում միջին և ցածր դասի գործառույթներ իրականացնող անձանց: Քաղաքական ազդեցություն ունեցող անձինք են մասնավորապես՝

ա. պետության ղեկավարները, կառավարության ղեկավարները, նախարարները և նախարարի տեղակալները,

բ. խորհրդարանի անդամները,

գ. բարձրագույն ատյանի դատարանի, սահմանադրական դատարանի կամ այլ բարձր դատական ատյանների դատավորները, անդամները, որոնց որոշումները բողոքարկման ենթակա չեն, բացառությամբ առանձնահատուկ հանգամանքներով պայմանավորված բողոքարկման դեպքերի,

դ. կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները և խորհրդի անդամները,

ե. դեսպանները, գործերի հավատարմատարները և զինված ուժերի բարձրաստիճան սպաները,

զ. քաղաքական կուսակցության պաշտոնատար անձինք,

է. պետական սեփականություն հանդիսացող կազմակերպության վարչական, կառավարման կամ վերահսկողական մարմինների անդամները,

ը․ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարները,

թ. միջազգային կազմակերպության ղեկավարները, ղեկավարի տեղակալները, խորհրդի անդամները կամ կառավարչական կամ վերահսկողական այլ համանման գործառույթներ իրականացնող մարմինների անդամները.

25.1) միջազգային կազմակերպությունը անդամ երկրների միջև միջազգային պայմանագրի կարգավիճակ ունեցող պաշտոնական քաղաքական համաձայնության հիման վրա ստեղծված կազմակերպություն է, որն իր գտնվելու վայրի երկրում ռեզիդենտ կառուցվածքային միավոր չի համարվում.

25.2) ընտանիքի անդամը «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված անձն է.

26) չհամապատասխանող երկիրը կամ տարածքը լիազոր մարմնի հրապարակած ցանկերին համապատասխան՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային պահանջները չկիրառող կամ ոչ պատշաճ կիրառող արտասահմանյան երկիրը կամ տարածքն է.

27) կենսական շահերի կենտրոնը այն վայրն է, որտեղ կենտրոնացած են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Ընտանեկան կամ տնտեսական շահը կարող է դրսևորվել այն վայրում, որտեղ գտնվում է անձի բնակելի տունը (բնակարանը), որտեղ բնակվում է անձը և (կամ) նրա ընտանիքը, որտեղ գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը կամ հիմնական տնտեսական (մասնագիտական) գործունեության իրականացման վայրը.

28) ավագ ղեկավարությունը հաշվետվություն տրամադրող անձի այն մարմինը կամ աշխատակիցն է, որն իրավասու է հաշվետվություն տրամադրող անձի անունից փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման կանխարգելման հարցերով որոշումներ կայացնելու և գործողություններ կատարելու.

29) ներքին դիտարկումների մարմինը սույն օրենքով և լիազոր մարմնի իրավական ակտերով սահմանված` փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման կանխարգելման գործառույթներ իրականացնող հաշվետվություն տրամադրող անձի ստորաբաժանումը կամ աշխատակիցն է, բացառությամբ լիազոր մարմնի սահմանած ստորաբաժանումների կամ աշխատակիցների, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող այն անձը, որն իր գործառույթներն իրականացնում է միանձնյա: Լիազոր մարմնի սահմանած դեպքերում և կարգով հաշվետվություն տրամադրող անձի ներքին դիտարկումների մարմնի գործառույթները կարող են վերապահվել մասնագիտացված գործունեություն իրականացնող անձի.

30) կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը այն գործարքը կամ գործարար հարաբերությունն է, այդ թվում՝ գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման փորձը, որի դեպքում կասկածվում է կամ բավարար հիմքեր կան կասկածելու, որ գույքը ստացվել է հանցավոր ճանապարհով կամ կապված է ահաբեկչության, ահաբեկչական գործողությունների, ահաբեկչական կազմակերպությունների կամ անհատ ահաբեկիչների կամ ահաբեկչությունը ֆինանսավորողների հետ կամ օգտագործվել է կամ առկա է մտադրություն այն օգտագործելու ահաբեկչության նպատակով կամ ահաբեկչական կազմակերպությունների կամ անհատ ահաբեկիչների կամ ահաբեկչությունը ֆինանսավորողների կողմից.

31) կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշը լիազոր մարմնի իրավական ակտերով, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերով սահմանված՝ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հնարավորության մասին վկայող իրավիճակը կամ ազդակն է.

32) տիպաբանությունը լիազոր մարմնի իրավական ակտերով, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերով սահմանված՝ փողերի լվացմանը կամ ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գործողությունների և (կամ) քայլերի տրամաբանությունն ու հաջորդականությունը նկարագրող հնարավոր սխեմա է.

33) ահաբեկչության հետ կապված անձը ցանկացած անհատ ահաբեկիչ, ներառյալ` ահաբեկչության կամ ահաբեկչության փորձի մեջ կասկածվող, մեղադրվող կամ դրանց համար դատապարտված անձ կամ ահաբեկչական կազմակերպություն է, նրանց հետ փոխկապակցված անձ, նրանց կողմից կամ նրանց անունից կամ նրանց ցուցումների ներքո գործող կամ ուղղակիորեն կամ անուղղակիորեն նրանց պատկանող կամ նրանց կողմից կառավարվող այլ անձը, որը ներառվել է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն կամ լիազոր մարմնի հրապարակած ցանկերում.

33.1) զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձը ցանկացած անձ է, որը ներառվել է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի՝ զանգվածային ոչնչացման զենքի տարածման և (կամ) դրա ֆինանսավորման համար թիրախային ֆինանսական պատժամիջոցներ սահմանող բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ցանկերում.

34) գործարքի կամ գործարար հարաբերության կասեցումը կասկածելի գործարքի և (կամ) գործարար հարաբերության առարկա գույքի փաստացի և իրավաբանական շարժի ժամկետային արգելքն է.

35) գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման մերժումը գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման համար նախատեսված գործողություններ չիրականացնելն է.

36) գործարքի կամ գործարար հարաբերության դադարեցումը գործարքի կատարման կամ գործարար հարաբերության իրականացման ընդհատումն է.

37) գույքի սառեցումը ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող կամ նրանց կողմից վերահսկվող գույքի փաստացի և (կամ) իրավաբանական շարժի անորոշ ժամկետով արգելքն է, այդ թվում՝ այդ գույքի ուղղակի կամ անուղղակի տիրապետման, օգտագործման կամ տնօրինման արգելքը, ինչպես նաև որևէ գործարար հարաբերության (ներառյալ՝ ֆինանսական ծառայությունների) կամ միանգամյա գործարքների հաստատման կամ իրականացման արգելքը.

38) արժեթուղթը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված արժեթղթերը, այդ թվում` պարտատոմսը, չեկը (չեկային գրքույկը), մուրհակը (վճարագիրը), բաժնետոմսը, կոնոսամենտը, բանկային վկայագիրը (բանկային գրքույկը, բանկային սերտիֆիկատը), պահեստային վկայագիրն է և այլ օրենքներով սահմանված արժեթղթերը.

39) կեղծ («շել») բանկը բանկն է, որը հիմնադրված, գրանցված, լիցենզավորված կամ այլ կերպ ինկորպորացված լինելով որևէ երկրում, իրականում դրա տարածքում չի կառավարվում կամ չունի փաստացի գտնվելու կամ գործունեության վայր, և որը փոխկապակցված չէ արդյունավետ համախմբված վերահսկողության ենթակա, կարգավորվող գործունեություն իրականացնող ֆինանսական հաստատությունների որևէ խմբի հետ.

40) տարանցիկ հաշիվը ֆինանսական հաստատությունում բացված այն թղթակցային հաշիվն է, որն ուղղակիորեն օգտագործում է թղթակից ֆինանսական հաստատության հաճախորդը՝ իր անունից գործարքներ կատարելու համար.

41) ֆինանսական խումբը խումբ է, որի կազմում առկա է այնպիսի իրավաբանական անձ, որը ղեկավարում և համակարգում է խմբի անդամ` սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ա», «ե», «զ» կամ «է» ենթակետերով նախատեսված գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց (այդ թվում` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի` ամբողջ խմբի համար կիրառելի քաղաքականություն և ընթացակարգեր իրականացնող մասնաճյուղերի և (կամ) ներկայացուցչությունների) գործառույթները՝ խմբի մակարդակով արդյունավետ, համախմբված վերահսկողություն իրականացնելու նպատակով:

42) Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ցանկերը Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված՝ ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերն են:

(3-րդ հոդվածը լրաց., փոփ. 01.03.18 ՀՕ-139-Ն, լրաց. 17.01.18 ՀՕ-55-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-51-Ն, 25.03.20 ՀՕ-187-Ն, լրաց., փոփ., խմբ. 30.06.21 ՀՕ-296-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։