Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-07-26-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՕՐԵՆՔԻ ԵՎ ԴՐԱ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅԴ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 31. Փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման մեջ ներգրավվածության համար իրավաբանական անձանց նկատմամբ կիրառվող պատասխանատվությունը

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 31. Փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման մեջ ներգրավվածության համար իրավաբանական անձանց նկատմամբ կիրառվող պատասխանատվությունը

1. Փողերի լվացման մեջ իրավաբանական անձի (բացառությամբ հաշվետվություն տրամադրող անձի) ներգրավված լինելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, ինչպես նաև կարող է հայց ներկայացվել դատարան՝ օրենքով սահմանված կարգով այդ իրավաբանական անձին լուծարելու պահանջով:

2. Փողերի լվացման մեջ իրավաբանական անձ հանդիսացող հաշվետվություն տրամադրող անձի ներգրավված լինելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով, ինչպես նաև կարող է ուժը կորցրած ճանաչվել կամ կասեցվել կամ դադարեցվել այդ անձի լիցենզիան կամ հայց ներկայացվել դատարան՝ օրենքով սահմանված կարգով այդ իրավաբանական անձին լուծարելու պահանջով:

3. Ահաբեկչության ֆինանսավորման մեջ իրավաբանական անձի (բացառությամբ հաշվետվություն տրամադրող անձի) ներգրավված լինելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափով, ինչպես նաև հայց է ներկայացվում դատարան՝ օրենքով սահմանված կարգով այդ իրավաբանական անձին լուծարելու պահանջով:

4. Ահաբեկչության ֆինանսավորման մեջ իրավաբանական անձ հանդիսացող հաշվետվություն տրամադրող անձի ներգրավված լինելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկի չափով, ինչպես նաև ուժը կորցրած է ճանաչվում կամ դադարեցվում է այդ անձի լիցենզիան կամ հայց է ներկայացվում դատարան՝ օրենքով սահմանված կարգով այդ իրավաբանական անձին լուծարելու պահանջով:

5. Փողերի լվացման մեջ իրավաբանական անձի ներգրավվածություն կարող է առաջանալ այն դեպքում, երբ՝

1) իրավաբանական անձի ցանկացած ներկայացուցչի կողմից ի շահ իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի անունից կատարված գործողությունը կամ դրսևորված անգործությունն առաջացնում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված արարք, որի համար այդ անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ, կամ

2) իրավաբանական անձի ներկայացուցիչը չի ենթարկվել քրեական պատասխանատվության քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը չբացառող հանգամանքների առկայության հետևանքով, բացառությամբ համաներման ակտի ընդունման կամ անձի մահանալու պատճառով քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքերի, կամ

3) լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմնի հիմնավորված կարծիքով իրավաբանական անձի ցանկացած ներկայացուցչի կողմից իրավաբանական անձի անունից կատարված գործողության կամ դրսևորված անգործության հետևանքով տեղի է ունեցել փողերի լվացում:

6. Ահաբեկչության ֆինանսավորման մեջ իրավաբանական անձի ներգրավվածություն կարող է առաջանալ այն դեպքում, երբ՝

1) իրավաբանական անձի ցանկացած ներկայացուցչի կողմից իրավաբանական անձի անունից կատարված գործողությունը կամ դրսևորված անգործությունը առաջացնում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 217.1-ին հոդվածով նախատեսված արարք, որի համար այդ անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ, կամ

2) իրավաբանական անձի ներկայացուցիչը չի ենթարկվել քրեական պատասխանատվության քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը չբացառող հանգամանքների առկայության հետևանքով, բացառությամբ համաներման ակտի ընդունման կամ անձի մահանալու պատճառով քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքերի, կամ

3) լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմնի հիմնավորված կարծիքով իրավաբանական անձի ցանկացած ներկայացուցչի կողմից իրավաբանական անձի անունից կատարված գործողության կամ դրսևորված անգործության հետևանքով տեղի է ունեցել ահաբեկչության ֆինանսավորում:

7. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման մեջ իրավաբանական անձի ներգրավվածությունը հիմնավորելիս լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմինը կարող է հիմք ընդունել այն հանգամանքը, որ իրավաբանական անձի ներկայացուցչի գործողությունը կամ անգործությունը ամբողջությամբ կամ մասամբ համապատասխանում է տիպաբանություններին:

8. Սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները կարող են կիրառվել Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված կամ գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց նկատմամբ:

9. Սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները կիրառվում են լիազոր մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, սույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ և 6-րդ մասի 3-րդ կետերով նախատեսված դեպքերում սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները կիրառվում են լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմնի կողմից:

10. Ոչ ֆինանսական հաստատությունների նկատմամբ սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները կիրառելու վարույթ հարուցելու պահից հնգօրյա ժամկետում լիազոր մարմինը տեղեկացնում է համապատասխան վերահսկող մարմնին:

11. Իրավաբանական անձի նկատմամբ սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին և 6-րդ մասի 1-ին կետերով նախատեսված դեպքերում սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները կարող են կիրառվել իրավաբանական անձի ներկայացուցչի նկատմամբ մեղադրական դատավճռի կայացման պահից մեկ տարվա ընթացում:

12. Համաներման ակտի ընդունման կամ անձի մահանալու պատճառով քրեական պատասխանատվություն չկիրառելու դեպքում լիազոր մարմինը սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները կարող է կիրառել մեկ տարվա ընթացքում` այն պահից սկսած, երբ իմացել է կամ կարող էր իմանալ այդ հանգամանքներն առաջանալու մասին:

13. Սույն հոդվածի 11-րդ և 12-րդ մասերով չնախատեսված` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման մեջ իրավաբանական անձի ներգրավվածության այլ դեպքերում սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները կարող են կիրառվել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կատարման պահից տասը տարվա ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։