Հոդված 26. Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության կասեցումը
Հոդված 26. Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության կասեցումը
1. Ֆինանսական հաստատությունը փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածի առկայության դեպքում իրավունք ունի մինչև 5 օրով, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված հանձնարարականի ստացման դեպքերում պարտավոր է 5 օրով կասեցնել գործարքը կամ գործարար հարաբերությունը և այդ մասին անմիջապես սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն տրամադրել լիազոր մարմնին:
2. Լիազոր մարմինն իրավասու է գործարքը կամ գործարար հարաբերությունը մինչև 15 օրով կասեցնելու՝ տրամադրված հաշվետվությունների, ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմինների հարցումների, վերահսկող և քրեական հետապնդում իրականացնող մարմինների ներկայացրած կամ այլ տեղեկությունների վերլուծությունների հիման վրա: Գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելու մասին լիազոր մարմնի որոշումը պետք է կատարվի անմիջապես` այն ֆինանսական հաստատության կողմից ստանալու պահից:
3. Այն դեպքում, երբ լիազոր մարմինը սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով կասեցված գործարքի կամ գործարար հարաբերության առնչությամբ ծանուցում է տրամադրում քրեական հետապնդում իրականացնող մարմնին, կասեցման ժամկետը համարվում է երկարաձգված ծանուցման տրամադրման պահից 15 օրով, որի մասին լիազոր մարմինը տեղեկացնում է ֆինանսական հաստատությանը: Կասեցման ժամկետը երկարաձգելու հիմնավոր անհրաժեշտության դեպքում քրեական հետապնդում իրականացնող մարմինը 15 օրվա ընթացքում տեղեկացնում է լիազոր մարմնին: Կասեցման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության մասին լիազոր մարմնին չտեղեկացնելու դեպքում կասեցումը վերանում է:
3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կասեցման ժամկետը լիազոր մարմնի հիմնավոր կարծիքով երկարաձգելու անհրաժեշտության դեպքում լիազոր մարմինը որոշում է կայացնում կասեցման ժամկետը մինչև 30 օրով երկարաձգելու մասին: Սույն մասում նշված ժամկետում լիազոր մարմնի որոշումը ֆինանսական հաստատությանը չտրամադրվելու դեպքում կասեցման մասին որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Ֆինանսական հաստատության կամ լիազոր մարմնի՝ գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելու մասին որոշումը, մինչև կասեցման ժամկետի ավարտը կարող է ուժը կորցրած ճանաչել միայն լիազոր մարմինը՝ իր նախաձեռնությամբ կամ ֆինանսական հաստատության միջնորդությամբ, եթե առկա չէ գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման հետագա անհրաժեշտությունը:
(26-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 30.06.21 ՀՕ-296-Ն)