Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-12-05-ից մինչև 2016-01-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2016-01-23Բացել ARLIS-ում

Հոդված 2. Հիմնական հասկացությունները

Սույն օրենքում նշված հասկացությունները օգտագործվում են հետևյալ իմաստով`

ա) թանկարժեք մետաղներ` թանկարժեք մետաղներից պատրաստված իր չհանդիսացող ոսկի, արծաթ, պլատին և պլատինային խմբի մետաղներ (պալադիում, իրիդիում, ռոդիում, ռուտենիում և օսմիում)` ցանկացած տեսքով և վիճակում (բնակտոր, զտարկված, ձուլակտոր, հումք, համաձուլվածք, նախապատրաստվածքներ, կիսաֆաբրիկատ, քիմիական միացություն, մետաղադրամ, ջարդոն, թափոն և այլն).

բ) թանկարժեք քարեր` բնական, անմշակ և մշակված՝ ալմաստ, զմրուխտ, սուտակ, շափյուղա, ալեքսանդրիտ և բնական մարգարիտ.

գ) թանկարժեք մետաղներից պատրաստված իր` թանկարժեք մետաղներից կամ թանկարժեք և գունավոր մետաղների համաձուլվածքներից նպատակային նշանակության և օգտագործման համար պատրաստված պատրաստի արտադրանք, որն իր վրա կարող է ունենալ նաև ոչ թանկարժեք մետաղներից այլ բաղադրատարրեր.

դ) թանկարժեք մետաղներից պատրաստված իրի արտադրություն` թանկարժեք մետաղներից պատրաստվող իրի արտադրական գործընթաց.

ե) թանկարժեք մետաղների զտարկում (աֆինաժ)` այլ խառնուրդներից և ուղեկցող տարրերից թանկարժեք մետաղների կորզման և մաքրման մետալուրգիական գործընթաց.

զ) զտարկված թանկարժեք մետաղներ` զտարկող կազմակերպությունների կողմից արտադրված Հայաստանի Հանրապետության կամ միջազգային ստանդարտներին համապատասխան` թանկարժեք մետաղների ցանկացած չափի ձուլակտորներ, մանրագնդիկներ, փոշի, որոնք պետք է ունենան հիմնական թանկարժեք մետաղի 99,5 տոկոսից ոչ պակաս պարունակություն.

է) թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք` վաճառողի կողմից հրապարակային պայմանագրի կանոններին համապատասխան` անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առուվաճառք.

ը) բանկային ոսկի` «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ոսկի.

թ) ստանդարտացված ձուլակտոր` ցանկացած չափի և սույն օրենքով նախատեսված հարգերին համապատասխանող թանկարժեք մետաղից պատրաստված ձուլակտոր, որը արտադրվել է զտարկող կազմակերպությունում.

ժ) հարգ` չափանիշ, որը ցույց է տալիս թանկարժեք մետաղների կշռային պարունակության չափը համաձուլվածքի մեկ հազար կշռային միավորի մեջ.

ժա) հարգորոշում` նյութերի և իրերի մեջ տարբեր մեթոդներով թանկարժեք մետաղների պարունակության որոշում.

ժբ) հարգադրոշմ` դրոշմ, որը հավաստում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրի մեջ թանկարժեք մետաղի պարունակության չափը մեկ հազար կշռային միավորի մեջ (հարգ).

ժգ) հարգադրոշմում` թանկարժեք մետաղներից պատրաստված իրի մետաղային մակերևույթին համապատասխան հարգի դրոշմման տեխնոլոգիական գործողություն.

ժդ) տարբերանիշ` դրոշմ, որը ցույց է տալիս թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը հարգորոշողին և (կամ) հարգադրոշմողին.

ժե) անվանանիշ` նշան, որը հավաստում է թանկարժեք մետաղից պատրաստված իրի արտադրողին.

ժզ) տրոյական ունցիա` թանկարժեք մետաղների զանգվածի չափման միավոր, որը հավասար է 31,1034807 գրամի.

ժէ) զտարկող կազմակերպություն` օրենքին համապատասխան` թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրություն իրականացնող կազմակերպություն.

ժը) թանկարժեք մետաղների դիլերներ՝ թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված առուվաճառք իրականացնող անհատ ձեռնարկատերեր և իրավաբանական անձինք, այդ թվում՝ թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք իրականացնող անձինք.

ժթ) կախոց` սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով նախատեսված դեպքերում հարգորոշողի կողմից անմիջապես թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա ամուր, անվնաս թելով կախված կապարե կնիք:

(2-րդ հոդվածը լրաց. 26.05.08 ՀՕ-93-Ն, փոփ. 08.12.10 ՀՕ-232-Ն, լրաց. 23.06.15 ՀՕ-98-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։