Հոդված 20. Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստը
Հոդված 20. Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստը
1. Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստը (այսուհետ` ազգային պահուստ) պետական պահուստի բաղկացուցիչ մասն է, որը պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված պատմամշակութային, թանգարանային, գիտական և գեղարվեստական նշանակություն ունեցող հազվագյուտ ոսկերչական և այլ կենցաղային իրերի ու կրոնական պաշտամունքի առարկաների հավաքածու է:
2. Ազգային պահուստի արժեքներն անձեռնմխելի և անբաժանելի են, հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը և ենթակա չեն օտարման (այդ թվում՝ ներդրման պետական մասնակցությամբ առևտրային ընկերությունների կանոնադրական կապիտալում) կամ վարձակալության: Ազգային պահուստի արժեքները կարող են ամրակցվել պետական հիմնարկներին և ոչ առևտրային կազմակերպություններին` ըստ նշանակության օգտագործման իրավունքով: Ազգային պահուստի արժեքները կարող են օգտագործվել ցուցադրման կամ գիտական հետազոտությունների նպատակով` Հայաստանի Հանրապետության տարածքում կամ նրա տարածքից դուրս՝ կառավարության թույլտվությամբ:
3. Ազգային պահուստում արժեքների հաշվեգրումն իրականացվում է կառավարության որոշումներով՝ փորձագիտական եզրակացությունների հիման վրա, որի անցկացման կարգը սահմանում է կառավարությունը` պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ: Գանձարանն իրականացնում է ազգային պահուստում հաշվեգրման ենթակա արժեքների հաշվառումը, պահպանությունը, վերականգնումը և կառավարության հանձնարարությամբ` դրանց ցուցադրումը: Ազգային պահուստում հաշվառման են ենթակա նաև պետական և համայնքային թանգարաններում և մշակութային կազմակերպություններում, արխիվներում գտնվող թանկարժեք մետաղները, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերը:
(20-րդ հոդվածը խմբ. 07.07.22 ՀՕ-292-Ն)