Հոդված 22. Թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր գնելու պետության նախապատվության իրավունքը
Հոդված 22. Թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր գնելու պետության նախապատվության իրավունքը
1. Հայաստանի Հանրապետության ընդերքից արդյունահանված թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորները կարող են իրացվել՝ պահպանելով ստորև նշված մարմինների գնման նախապատվության իրավունքը`
ա) Հայաստանի Հանրապետության պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնին՝ պետական պահուստի համալրման նպատակով.
բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝ ոսկու պահուստի համալրման նպատակով:
Գնման նախապատվության իրավունքից վերոնշյալ պետական մարմինների հրաժարվելու դեպքում թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների սեփականատերերն այդ արժեքները կարող են վաճառել այլ սուբյեկտների, բայց ոչ պակաս, քան սույն մասում նշված գնման նախապատվության իրավունք ունեցող սուբյեկտներին առաջարկված գնով:
2. Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի բնակտորների հազվագյուտ լինելու չափանիշները, գնահատման և վճարման պայմաններն ու կարգը սահմանում է կառավարությունը:
3. Եթե թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորները, որոնք, սույն հոդվածի առաջին մասին համապատասխան, առաջարկվել են գանձարանին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, ու վերջիններս հրաժարվել են այդ արժեքները ներկայացված գներով ձեռք բերելու նախապատվության իրավունքից, ապա այդ արժեքները վաճառող սուբյեկտի պահանջի դեպքում նշված մարմինները 7 օրվա ընթացքում պարտավոր են տալ տեղեկանք` առաջարկված արժեքները գնելու նախապատվության իրավունքից հրաժարվելու մասին: