Հոդված 11. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման լիցենզավորումը
Հոդված 11. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման լիցենզավորումը
1. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզավորումն իրականացնում է լիազոր մարմինը` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, սույն օրենքին և կառավարության սահմանած կարգին համապատասխան:
2. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման, մանրածախ առուվաճառքի նկատմամբ ստուգումներն ու հսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը՝ փաստաթղթային հսկողության և տեղում ստուգումների միջոցով: Դրանց արդյունքներով կիրառում է սույն օրենքով և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:
3. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա տրամադրելուց հետո` 15-օրյա ժամկետում, լիազոր մարմինն այդ մասին տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին՝ վերջիններիս տրամադրելով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա ստացած անձանց տարբերանիշերի արտատիպերը:
4. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են իրենց գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում և լիազոր մարմին ներկայացնել իրենց գործունեության մասին տեղեկություններ (հաշվետվություններ)` կառավարության սահմանած ժամկետներում, կարգով և չափանիշներով: