Հոդված 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սույն օրենքի իմաստով առևտրի հիմնական հասկացություններն են`
վաճառող` առուվաճառքի պայմանագրով սպառողներին ապրանք իրացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.
աշխատող` վարձատրության դիմաց վաճառողի հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատող` անմիջականորեն վաճառք իրականացնող ֆիզիկական անձ.
առևտրի օբյեկտ` գույքային համալիր (հողամաս, շենք, կառույց), որն օգտագործվում է ապրանքների առուվաճառքի համար.
սպառողական ապրանքների շուկա` առևտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների առուվաճառք.
ոչ պարենային ապրանքներ` բնակչության նյութական և կուլտուր-կենցաղային պահանջների բավարարման նպատակով վաճառքի համար նախատեսված կուլտուր-կենցաղային և տնտեսական նշանակության, թեթև արդյունաբերության և այլ արտադրանք.
արտադրատեխնիկական նշանակության ապրանքներ` տնտեսավարող սուբյեկտների կողմից օգտագործման նպատակով նախատեսված ապրանքներ, որոնք հիմնականում ներկայացվում են տեխնոլոգիական սարքավորումների, մեքենաների, վառելիքահումքային ապրանքների տեսքով.
գյուղատնտեսական արտադրանքի շուկա` առևտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է կենդանական ծագում ունեցող մթերքի, բույսերի, բուսական արտադրանքի (այսուհետ` գյուղատնտեսական արտադրանք) և սննդամթերքի առուվաճառք.
կենդանիների շուկա` առևտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է կենդանի կենդանիների առուվաճառք.
շրջիկ առևտրի կետեր` ապրանքների պահման և մանրածախ առևտրի համար համապատասխան սարքավորումներով ապահովված ավտոկրպակներ, մոտոկրպակներ, ավտոսայլակներ, մոտոսայլակներ, ավտոցիստեռններ և այլն.
հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկ գազի և սեղմված բնական գազի մանրածախ առևտրի կետ` քաղաքաշինական նորմերին համապատասխան կառուցված, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկ գազի, սեղմված բնական գազի հաշվիչներ, կաշեփողեր, լցավորման ատրճանակներ, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների համար տեղադրված տարողություններ, օրենքով սահմանված կարգով ստուգաչափված կշեռքներ, կշռաքարեր և չափման այլ համապատասխան թույլատրելի միջոցներ ունեցող լցավորման կետեր.
առևտրի իրականացման վայրի կազմակերպիչ` առևտրի իրականացման վայրի աշխատանքը կազմակերպող, սույն օրենքով սահմանված պարտավորություններ կամ իրավունքներ ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.
առևտրի կենտրոն` առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող և կառավարվող առևտրի օբյեկտների համախումբ, որտեղ նախատեսված են նաև հանրային սննդի, զվարճանքի, կենցաղային ծառայությունների համար առանձնացված մասեր.
ցուցահանդես-վաճառք` իրավաբանական անձի և (կամ) անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրենց սեփականության իրավունքով պատկանող կամ վարձակալված տարածքում կամ իրավասու մարմնի կողմից սահմանված վայրում առուվաճառքի պայմանագրերի կնքման և տարածաշրջանային, միջտարածաշրջանային և միջպետական տնտեսական կապերի ձևավորման նպատակով կազմակերպվող միջոցառում.
տոնավաճառ (վերնիսաժ)` հատկացված վայրում շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված տոնական օրերին կազմակերպվող շուկայական միջոցառում, որտեղ առուվաճառքն իրականացնում են իրավաբանական և ֆիզիկական անձինք: