Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-03-08-ից մինչև 2007-04-21։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՌԵՎՏՈՒՐ

Հոդված 9. ԱՌևՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

գործել է մինչև 2007-04-21Բացել ARLIS-ում

Հոդված 9. ԱՌևՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

1. Առևտրի օբյեկտներում առուվաճառքն իրականացվում է օրենքով սահմանված տեսակներով:

2. Մանրածախ առևտուրն իրականացվում է խանութներում, կրպակներում, տաղավարներում, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկ գազի և սեղմված բնական գազի առևտրի կետերում, առևտրի կենտրոններում, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի և կենդանիների շուկաներում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքի կազմակերպման վայրերում, շրջիկ առևտրի կետերի միջոցով ու ավտոմատներով, ինչպես նաև էլեկտրոնային կապի միջոցով:

3. Վաճառքի ցուցադրված յուրաքանչյուր ապրանքանմուշ պետք է ունենա պիտակ, իսկ ապրանքատեսակը` նաև գնապիտակ:

4. Սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի և կենդանիների շուկաներում, տոնավաճառներում (վերնիսաժներում) և ցուցահանդես-վաճառքի կազմակերպման վայրերում վաճառվող կամ վաճառքի ցուցադրվող ապրանքների համար գնապիտակի առկայությունը պարտադիր չէ (բացառությամբ նշված վայրերում գործող առևտրի օբյեկտների):

5. Գնված պատշաճ և ոչ պատշաճ որակի ապրանքների փոխարինումը կամ դրանց համար վճարված գումարի վերադարձումը և վերահաշվարկն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

6. Շրջիկ առևտրի կետերով վաճառք կատարելիս պետք է ստեղծվեն պայմաններ` ապահովելու վաճառվող ապրանքների ապրանքային տեսքը, անվտանգությունը և որակը:

Վաճառարկղերը պետք է դրվեն տակդիրների վրա, արգելվում է վաճառարկղերը դնել անմիջապես գետնին, մայթին, սալահատակին:

Տեղում սպառելու համար (այդ թվում` միանգամյա օգտագործման տարաներով) սննդամթերք վաճառելիս շրջիկ առևտրի կետերը պետք է ունենան տարաները, անձեռոցիկները հավաքելու տարողություններ (աղբարկղեր):

7. Վաճառողի կողմից սննդամթերքի կշռափաթեթավորում կատարելիս, ելնելով տվյալ ապրանքատեսակի առանձնահատկությունից, փաթեթավորման համար օգտագործվում են հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կողմից թույլատրված նյութերից պատրաստված փաթեթավորման միջոցներ: Փաթեթավորվող սննդամթերքի փաթեթի կամ մեջդիր պիտակների վրա նշվում են ապրանքի անվանումը, տեսակը, քաշը (նետտո), մեկ կիլոգրամի և կշռափաթեթավորված քաշի վաճառքի գինը, փաթեթավորման օրը, նաև պիտանիության ժամկետը:

8. Ցուցահանդես-վաճառքները կազմակերպվում և անցկացվում են իրավաբանական անձանց և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից:

Ցուցահանդես-վաճառքներում ապրանքների առուվաճառքն իրականացվում է նաև նմուշներով, կատալոգներով, ուրվանկարներով, տեղեկագրերով և էլեկտրոնային տեղեկատվության միջոցներով:

9. Տոնավաճառները (վերնիսաժները) կազմակերպում են տեղական ինքնակառավարման մարմինները, օրենսդրությամբ սահմանված կարգով, միայն շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված տոնական օրերին:

10. Ապրանքների վաճառքը սպառողների (գնորդների) պատվերներով կարող է իրականացվել առևտրի օբյեկտներից:

Վաճառողը պարտավոր է սպառողներին (գնորդներին) ապահովել մատուցվող ծառայությունների ցանկի, պատվերների ընդունման և ապրանքների հանձնման ժամկետի, վաճառվող ապրանքների տեսականու և գների վերաբերյալ մատչելի և ստույգ տեղեկատվությամբ:

Պատվերների ընդունման և ապրանքների հանձնման ժամկետները սահմանում է վաճառողը:

Պատվերի ընդունման և մատուցվող ծառայության գինը հաշվարկվում է վաճառողի և վճարվում գնորդի կողմից` ապրանքի հաշվի վճարման հետ միաժամանակ:

11. Դեղերի վաճառքն իրականացվում է դեղատների միջոցով:

Գնորդին (սպառողին) վաճառված պատշաճ որակի դեղերը ենթակա չեն փոխարինման և (կամ) վերադարձման:

12. Զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի, թունաքիմիկատների, պարարտանյութերի և անասնաբուժական դեղամիջոցների վաճառքն իրականացվում է միայն առանձնացված առևտրի օբյեկտներում:

Զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի, թունաքիմիկատների, պարարտանյութերի և անասնաբուժական դեղամիջոցների վաճառքի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

13. Կրպակներում վաճառքի են թույլատրվում միայն արտադրական կշռափաթեթավորում ունեցող և հատային ապրանքները:

14. Կրպակներում արգելվում է վաճառել`

ա) պարտադիր ջերմային ռեժիմով տեղափոխում և պահում պահանջող սննդամթերքը, բացառությամբ պաղպաղակի, զովացուցիչ ջրերի և գարեջրի, որոնց տեղափոխումը և պահումը պետք է կատարվի դրանց տեղափոխման և պահման համար նախատեսված հատուկ սառնարաններում.

բ) չափափորձարկում պահանջող ապրանքները:

15. Հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտրի առանձնահատկություններն են`

ա) հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտուրն իրականացվում է հացի և հացաբուլկեղենի մասնագիտացված խանութներում, առանձնացված տաղավարներում և կրպակներում, սննդամթերքի մասնագիտացված խանութների առանձնացված բաժիններում, սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների տարածքում գտնվող առանձնացված առևտրի օբյեկտներում, իսկ մանր կշռափաթեթավորված հատային ապրանքները` նաև շրջիկ առևտրի կետերի միջոցով.

բ) առաքվող ապրանքներն ուղեկցող հաշվարկային փաստաթղթում պարտադիր պետք է նշված լինեն վառարանից արտադրանքի հանման ժամը և քաշը:

16. Արգելվում է ալկոհոլային խմիչքների վաճառքն ուսումնական հաստատություններում, մանկական և բուժկանխարգելիչ կազմակերպություններում գործող առևտրի օբյեկտներում:

17. Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկ գազի, սեղմված բնական գազի մանրածախ առևտուրը կազմակերպվում է մշտակա (ստացիոնար) կայանների միջոցով` օրենքով սահմանված կարգով այդ նպատակի համար հատկացված վայրերում:

18. Շրջիկ առևտրի միջոցներով հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկ գազի, սեղմված բնական գազի մանրածախ առևտուրն արգելվում է:

19. Կենդանի կենդանիների վաճառքն իրականացվում է միայն կենդանիների շուկաներում և առանձնացված առևտրի օբյեկտներում:

Առևտրի օբյեկտներում արգելվում է վաճառել արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 0101-0105 ծածկագրերին դասվող կենդանի կենդանիներ (ձիեր, ավանակներ, ջորիներ, խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, ոչխարներ, այծեր, տնային հավեր, բադեր, սագեր, հնդկահավեր և խայտահավեր):

20. Արտադրատեխնիկական նշանակության ապրանքների վաճառքն արտադրողները և (կամ) մատակարարները իրականացնում են առանձնացված խանութների, սպառողական ապրանքների շուկաների, ապրանքային պահեստների, ցուցահանդես-վաճառքի իրականացման վայրերի միջոցով:

21. Հայաստանի Հանրապետությունում գործող օտարերկրյա դիվանագիտական անձնակազմի սպասարկումը կարող է իրականացվել առանձնացված խանութներում:

Այդ խանութներում վաճառքի և սպասարկման առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։