Հոդված 7
Հոդված 7
Արժութային գործառնությունների հաշվառումը և հսկողությունը
1. Արժութային հսկողության (արժութային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության) նպատակն է անդամ պետությունների ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից սույն Համաձայնագրի և արժութային օրենսդրության պահպանումն ապահովելը:
2. Արժութային հսկողությունը (արժութային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունը) իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով՝
1) անդամ պետությունների ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից իրականացվող արժութային գործառնությունների՝ սույն Համաձայնագրի դրույթներին և այն անդամ պետության արժութային օրենսդրությանը համապատասխանության որոշում, որի տարածքում իրականացվում են այդ գործառնությունները.
2) արժութային գարծառնությունների հաշվառման և դրանց վերաբերյալ հաշվետվության լիարժեքության և հավաստիության ստուգում.
3) արժութային գործառնություններով կատարված վճարումների հիմնավորվածության և դրանց կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերի առկայության ստուգում.
4) մեկ անդամ պետության ռեզիդենտների կողմից մյուս անդամ պետությունների լիազորված կազմակերպություններում կամ երրորդ երկրների բանկերում հաշիվներ (ավանդներ) բացելուն և վարելուն ներկայացվող պահանջների պահպանման ստուգում:
3. Արժութային հսկողությունը (արժութային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունը) անդամ պետությունում իրականացվում է այդ պետության օրենսդրությանը համապատասխան:
4. Արժութային գործառնությունների հաշվառման և դրանց վերաբերյալ հաշվետվության վարման կարգը և ձևերը սահմանվում են միջազգային պայմանագրերին և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
5. Արժութային հսկողության (արժութային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության) լիազորված մարմինների պաշտոնատար անձինք պարտավոր են, իրենց պետության օրենսդրությանը համապատասխան, պահպանել լիազորություններն իրականացնելիս նրանց հայտնի դարձած՝ բանկային, հարկային և օրենքով պահպանվող մյուս գաղտնիքները, եթե այլ բան նախատեսված չէ այն միջազգային պայմանագրով, որի մասնակիցն է համապատասխան անդամ պետությունը: