Հոդված 3
Հոդված 3
Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու կանոնները
1. Միության շրջանակներում կիրառվում են Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու միասնական կանոններ:
2. Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով ու ակտերով սահմանված ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման նպատակով՝ Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների նկատմամբ կիրառվում են ապրանքների ծագումը որոշելու՝ սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածով սահմանված չափորոշիչները:
3. Միության մաքսային տարածքից երրորդ կողմերի տարածքներ արտահանվող ապրանքների նկատմամբ այդպիսի երրորդ կողմերի կողմից սահմանված մաքսասակագնային կարգավորման (բացառությամբ ազատ առևտրի ռեժիմի շրջանակներում սակագնային առանձնաշնորհումների (պրեֆերենցիաների) տրամադրման) ու ոչ սակագնային կարգավորման միջոցների, ինչպես նաև այլ միջոցների կիրառման նպատակով ապրանքների ծագումը որոշվում է ապրանքների ծագումը որոշելու կանոններին (ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչներին) համապատասխան:
Եթե Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշող անձը կամ լիազորված մարմինն իր տնօրինության ներքո չունի տեղեկություններ այն երրորդ կողմում կիրառվող՝ ապրանքների ծագումը որոշելու կանոնների (ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչների) վերաբերյալ, որի տարածք պլանավորվում է իրականացնել ապրանքների ներմուծումը, ապա այդպիսի ապրանքների ծագումը որոշվում է սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածով սահմանված՝ ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչներին համապատասխան:
4. Միության մաքսային տարածքից այն երրորդ կողմերի տարածք արտահանվող ապրանքների մասով, որոնք Միության հետ առևտրատնտեսական հարաբերություններում կիրառում են ազատ առևտրի ռեժիմը, սակագնային առանձնաշնորհումներ (պրեֆերենցիաներ) ստանալու նպատակով կիրառվում են համապատասխան երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրերով (երրորդ կողմի հետ` անդամ պետությունների միջազգային պայմանագրերով և այն միջազգային պայմանագրերով, որոնց մասնակիցն են բոլոր անդամ պետությունները) սահմանված՝ ապրանքների ծագումը որոշելու կանոնները, որոնցով նախատեսվում է ազատ առևտրի ռեժիմի կիրառումը: