Հոդված 4
Հոդված 4
Ոչ առանձնաշնորհային (ոչ պրեֆերենցիալ) պայմաններով առևտրի շրջանակներում կիրառվող՝ ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչները
1. Անդամ պետությունից ծագող ապրանք է համարվում սույն հոդվածով սահմանված պահանջները բավարարող ապրանքը:
2. Սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված դեպքերում կիրառվում են ապրանքների ծագումը որոշելու՝ սույն հոդվածով նախատեսված չափորոշիչները:
3. Ամբողջությամբ անդամ պետությունում ստացված (արտադրված) ապրանք են համարվում՝
ա) բնական ռեսուրսները (օգտակար հանածոները և հանքային արտադրանքը, ջրային, հողային ռեսուրսները, մթնոլորտային օդի ռեսուրսները), որոնք արդյունահանվել են տվյալ անդամ պետության ընդերքից, դրա տարածքում, դրա տարածքային ջրերից կամ դրանց հատակից կամ տվյալ անդամ պետության տարածքի մթնոլորտային օդից.
բ) տվյալ անդամ պետությունում աճեցված և (կամ) հավաքված բուսական ծագման արտադրանքը.
գ) տվյալ անդամ պետությունում ծնված և բուծված կենդանի կենդանիները.
դ) տվյալ անդամ պետությունում կենդանիներից ստացված արտադրանքը.
ե) տվյալ անդամ պետությունում որսորդական և ձկնորսական արդյունագործության արդյունքում ստացված արտադրանքը.
զ) ծովային ձկնորսական արդյունագործական արտադրանքը և տվյալ անդամ պետության նավի կամ դրա կողմից վարձակալված (վարձված) նավի միջոցով ստացված ծովային արդյունագործական այլ արտադրանք.
է) տվյալ անդամ պետության վերամշակող նավի վրա՝ բացառապես սույն կետի «զ» ենթակետում նշված արտադրանքից ստացված արտադրանքը.
ը) տվյալ անդամ պետության տարածքային ջրերի սահմաններից դուրս՝ ծովի հատակից կամ ծովային ընդերքից ստացված արտադրանքը՝ պայմանով, որ այդ անդամ պետությունն ունի այդ ծովային ընդերքի կամ ծովի հատակի մշակման բացառիկ իրավունքներ.
թ) տվյալ անդամ պետությունում արտադրական ու վերամշակման այլ գործողությունների արդյունքում ստացված թափոնները և ջարդոնը (երկրորդային հումք), ինչպես նաև տվյալ անդամ պետությունում հավաքված ու միայն որպես հումք վերամշակման համար պիտանի՝ նախկինում օգտագործված արտադրատեսակները.
ժ) բաց տիեզերքում տվյալ անդամ պետության տիեզերական նավերում կամ դրա կողմից վարձակալված (վարձված) նավերում ստացված՝ բարձր տեխնոլոգիաների արտադրանքը.
ժա) սույն կետի «ա»-«ժ» ենթակետերում նշված արտադրանքից՝ տվյալ անդամ պետությունում արտադրված ապրանքները:
4. Երրորդ կողմերի ծագում ունեցող ապրանքների օգտագործմամբ արտադրված ապրանքը համարվում է անդամ պետության ծագում ունեցող արտադրանք, հետևյալ դեպքերից որևէ մեկի դեպքում՝
ա) երրորդ կողմերի ծագում ունեցող ապրանքների և այդպիսի ապրանքի պատրաստման ժամանակ օգտագործված ապրանքների արժեքի տոկոսային բաժինը չի գերազանցում երրորդ կողմերի ծագում ունեցող ապրանքների օգտագործմամբ արտադրված ապրանքի գնի 70 տոկոսը.
բ) երրորդ կողմերի ծագում ունեցող ապրանքների հետ կապված վերամշակման գործողությունների արդյունքում կատարվել է Եվրասիական տնտեսական միության միասնական ապրանքային անվանացանկում ապրանքի դասակարգման ծածկագրի փոփոխություն՝ առաջին 4 նիշերից որևէ մեկի մակարդակով:
5. Երրորդ կողմերի ծագում ունեցող ապրանքների օգտագործմամբ արտադրված ապրանքը չի ճանաչվում որպես անդամ պետության ծագում ունեցող, եթե երրորդ կողմերի ծագում ունեցող այդպիսի ապրանքների հետ կապված կատարվել են միայն հետևյալ գործողությունները (ապրանքի ծագման վրա չազդող գործողություններ)՝
ա) ապրանքի պահպանման և (կամ) տրանսպորտային փոխադրման ժամանակ դրա պահպանվածության ապահովմանն ուղղված գործողությունները.
բ) վաճառքի և տրանսպորտային փոխադրման համար ապրանքը նախապատրաստելու գործողությունները (խմբաքանակների մասնատումը, առաքումների կազմավորումը, տեսակավորումը, վերափաթեթավորումը), փաթեթվածքի կազմատման և հավաքման գործողությունները.
գ) լվացումը, մաքրումը, փոշեհեռացումը.
դ) մաղով կամ քարամաղով մաղումը, տեսակավորումը, դասակարգումը, ընտրումը, հավաքումը (այդ թվում՝ արտադրատեսակների կոմպլեկտների ստեղծումը).
ե) պարզ հավաքման գործողությունները (որոնց իրականացման համար հատուկ հմտություններ, այդպիսի գործողությունների իրականացման համար նախատեսված մեքենաներ, ապարատներ կամ այլ սարքավորումներ չեն պահանջվում) կամ ապրանքների կազմազատումը մասերի.
զ) սույն կետի «ա»-«ե» ենթակետերում նշված երկու կամ ավելի գործողությունների համակցումը:
6. Այն դեպքում, երբ անդամ պետություններից մեկում ապրանքի արտադրության ժամանակ օգտագործվում են սույն հոդվածով նախատեսված՝ ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչներին համապատասխան այլ անդամ պետությունների ծագում ունեցող ապրանքներ, ապրանքի ծագման անդամ պետություն է համարվում այն անդամ պետությունը, որի տարածքում այդ ապրանքը վերջին անգամ ենթարկվել է վերամշակման՝ բացառությամբ սույն հոդվածի 5-րդ կետում նշված գործողությունների իրականացումից:
7. Սույն հոդվածի 4-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված՝ երրորդ կողմերի ծագում ունեցող ապրանքների արժեքի տոկոսային բաժինը որոշելիս արժեքային ցուցանիշները հաշվարկվում են՝
ա) երրորդ կողմերի ծագում ունեցող ապրանքների համար՝ Միության մաքսային տարածք այդ ապրանքների ներմուծման ժամանակ դրանց մաքսային արժեքով կամ, եթե այդպիսի ապրանքների ծագումը հայտնի չէ, Միության տարածքում դրանց առաջին վաճառքի՝ փաստաթղթերով հաստատված գնով.
բ) երրորդ կողմերի ծագում ունեցող ապրանքների օգտագործմամբ արտադրված ապրանքի համար՝ «ֆրանկո-գործարան» պայմաններով գնով:
8. Ապրանքների ծագումը որոշելիս հաշվի չի առնվում դրանց արտադրության կամ վերամշակման համար օգտագործվող ջերմային և էլեկտրական էներգիայի, մեքենաների, սարքավորումների, գործիքների, ինչպես նաև տեխնոլոգիական գործընթացներում օգտագործվող, սակայն ապրանքի բաղադրության մեջ ֆիզիկապես չներառված օժանդակ նյութերի ծագումը:
9. Մեքենաների, ապարատների, սարքավորումների կամ տրանսպորտային միջոցների հետ միասին օգտագործվելու համար նախատեսված հարմարանքների, պարագաների, պահեստամասերի և գործիքների ծագման կողմ է համարվում մեքենաների, ապարատների, սարքավորումների կամ տրանսպորտային միջոցների ծագման նույն կողմը, եթե այդ հարմարանքները, պարագաները, պահեստամասերն ու գործիքները ներմուծվում և օգտագործվում են այդ մեքենաների, ապարատների, սարքավորումների կամ տրանսպորտային միջոցների հետ այն կոմպլեկտայնությամբ ու այն քանակով, որով այդ մեքենաները, ապարատները, սարքավորումները կամ տրանսպորտային միջոցները սովորաբար մատակարարվում են դրանց տեխնիկական փաստաթղթերին համապատասխան:
10. Փաթեթվածքի ծագման կողմ է համարվում տվյալ ապրանքի ծագման կողմը` բացառությամբ այն դեպքերի, երբ փաթեթվածքը, Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի համաձայն, ենթակա է ապրանքից առանձին հայտարարագրման: Այդ դեպքում փաթեթվածքի ծագումը որոշվում է ապրանքի ծագումից առանձին։