Հոդված 5
Հոդված 5
Անդամ պետությունների լիազորված մարմինները (կազմակերպությունները)
1. Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու համար անդամ պետությունը լիազորում է մարմինների (կազմակերպությունների) (այսուհետ՝ լիազորված մարմիններ):
Լիազորված մարմինները Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) ներկայացնում են հետևյալ տեղեկությունները՝
լիազորված մարմնի անվանումը.
լիազորված մարմնի հասցեն (գտնվելու վայրը).
լիազորված մարմնի պաշտոնական կայքի հասցեն «Ինտերնետ» տեղեկատվական-հաղորդակցական ցանցում (այսուհետ՝ Ինտերնետ ցանց) (առկայության դեպքում).
լիազորված մարմնի կոնտակտային հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեն:
Նշված տեղեկությունները ենթակա են հրապարակման Ինտերնետ ցանցում Միության պաշտոնական կայքում:
2. Լիազորված մարմինների վերաբերյալ տեղեկությունների փոփոխության դեպքում այդ լիազորված մարմինները համապատասխան տեղեկատվությունն ուղարկում են Հանձնաժողով՝ այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվանից ոչ ուշ:
Հանձնաժողովն ապահովում է Ինտերնետ ցանցում Միության պաշտոնական կայքում լիազորված մարմինների վերաբերյալ տեղեկությունների թարմացումը:
3. Լիազորված մարմինները տրամադրում են ապրանքի ծագման հավաստագրեր՝ սույն Համաձայնագրի 1-ին հավելվածով նախատեսված Կարգին համապատասխան, եթե այլ բան սահմանված չէ երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրերով, երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով, այն միջազգային պայմանագրերով, որոնց մասնակիցն են բոլոր անդամ պետությունները, կամ ներմուծման պետության օրենսդրությամբ:
4. Մաքսային գործառնությունների իրականացումը պարզեցնելու, արտահանմանն օժանդակելու և երրորդ կողմի՝ անդամ պետությունների ծագում ունեցող ու Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների շուկա մուտք գործելուն նպաստելու նպատակով՝ լիազորված մարմինն իրավունք ունի ստեղծելու հավաստագրման էլեկտրոնային համակարգեր, որոնցով նախատեսվում է երրորդ կողմի իրավասու պետական մարմնի կողմից՝ ապրանքի ծագման հավաստագրի տրամադրման փաստի, ինչպես նաև այդպիսի հավաստագրում պարունակվող տեղեկությունների՝ մաքսային հայտարարագրման ժամանակ հայտագրված տեղեկություններին համապատասխանության ստուգում (ստուգաճշտում) իրականացնելու հնարավորությունը՝ տրամադրված ապրանքների ծագման հավաստագրերի տվյալների էլեկտրոնային բազաներում պարունակվող տեղեկատվության հիման վրա:
5. Իրավասու մարմիններն իրավունք ունեն նշանակելու փորձաքննության անցկացում՝ ապրանքների ծագումը որոշելու նպատակով:
6. Ապրանքների ծագման հավաստումը, ինչպես նաև ապրանքների ծագումը որոշելու նպատակով փորձաքննության անցկացումն իրականացվում է վճարովի հիմունքներով, եթե այլ բան սահմանված չէ անդամ պետությունների օրենսդրությամբ:
7. Ապրանքի ծագումը հավաստելու արժեքի վերաբերյալ տեղեկությունները լիազորված մարմինների կողմից ուղարկվում են Հանձնաժողով և ենթակա են հրապարակման Ինտերնետ ցանցում Միության պաշտոնական կայքում: