Հոդված 10
Հոդված 10
Անդամ պետությունների համագործակցությունը
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իրավունք ունի անդամ պետություններից պահանջելու սույն համաձայնագրի կարգավորման առարկային առնչվող տեղեկություններ, ինչպես նաև ընդունելու սույն համաձայնագրի կիրառության հարցերով առաջարկություններ։
2. Լիազորված մարմինները միմյանց տեղեկացնում են իրենց օրենսդրության մեջ կատարված՝ սույն համաձայնագրի կիրառության ոլորտին առնչվող բոլոր փոփոխությունների մասին։
3. Լիազորված մարմինները և իրավասու մարմինները փոխգործակցում են միմյանց հետ (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ)՝ սույն համաձայնագրի իրագործմանն առնչվող հարցերով՝ անհատույց հիմունքներով։
Իրավասու մարմինները հարցմամբ կամ սեփական նախաձեռնությամբ միմյանց են ներկայացնում անհրաժեշտ տեղեկություններ՝ սույն համաձայնագրի կիրառության համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին, ինչպես նաև միջոցներ են ձեռնարկում այդ հանգամանքները սահմանելու համար։
4. Իրավասու մարմինները միմյանց տեղեկացնում են այն հանգամանքների մասին, որոնք հանգեցնում են կենսաթոշակի չափի փոփոխմանը կամ դրա վճարման դադարեցմանը:
5. Հաշմանդամությունը, կենսաթոշակի իրավունքը սահմանելու, կենսաթոշակ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ՝ մեկ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրված փաստաթղթերը ճանաչվում են մյուս անդամ պետության կողմից՝ առանց այդ մյուս անդամ պետության օրենսդրությամբ սահմանված՝ նման փաստաթղթերի ճանաչման ընթացակարգերն անցկացնելու։
Իրավասու մարմիններն իրավունք ունեն աշխատավորից (ընտանիքի անդամից) պահանջելու փաստաթղթերի նոտարական կարգով վավերացված թարգմանությունը՝ կենսաթոշակ նշանակող (վճարող) անդամ պետության պետական լեզվով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ փաստաթղթերի ստուգման նպատակով ներկայացնելու համապատասխան հարցումներ կամ օգտագործելու տվյալների տեղեկատվական բազաներից օգտվելու միջոցով ստացված տվյալները:
6. Մեկ անդամ պետության իրավասու մարմինը, որը վճարել է աշխատավորի (ընտանիքի անդամի) համար սահմանված կենսաթոշակի չափը գերազանցող կենսաթոշակ, կարող է մյուս անդամ պետության իրավասու մարմնին հարցում ուղարկել նշված մյուս անդամ պետությունում վճարվող կենսաթոշակից ավելի վճարված գումարի պահում կատարելու վերաբերյալ։
7. Սույն համաձայնագրի իրագործումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող՝ սույն համաձայնագրի կիրառության կարգին համապատասխան:
8. Լիազորված մարմինների (իրավասու մարմինների) միջև գրագրությունն իրականացվում է ռուսերենով։