Հոդված 4
Հոդված 4
Տարածքների հավասարությունը և կենսաթոշակի արտահանումը
1. Կենսաթոշակները իրավասու մարմինների կողմից վճարվում են նաև աշխատավորի (ընտանիքի անդամի)՝ այլ անդամ պետության տարածքում բնակվելու դեպքում։
Աշխատավորը (ընտանիքի անդամը) իրավունք ունի կենսաթոշակ ստանալու բնակության պետության կամ կենսաթոշակը նշանակած անդամ պետության տարածքում։
2. Կենսաթոշակների չափերը չեն կարող նվազեցվել, դրանց վճարումը չի կարող կասեցվել կամ դադարեցվել՝ աշխատավորի (ընտանիքի անդամի) բնակության վայրի՝ մյուս անդամ պետության տարածքում գտնվելու հիման վրա, եթե սույն համաձայնագրով այլ բան սահմանված չէ։
3. Սույն հոդվածի 1-ին կետի առաջին պարբերության և 2-րդ կետի դրույթները չեն տարածվում այն վճարումների (հավելավճարների) վրա, որոնք անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվում են՝ հաշվի առնելով աշխատավորի (ընտանիքի անդամի)՝ այդ անդամ պետության տարածքում բնակության վայրի գտնվելը:
4. Ստորև նշված դրամական վճարումները կատարվում են միայն աշխատավորի՝ համապատասխան անդամ պետության տարածքում բնակվելու դեպքում.
1) Հայաստանի Հանրապետությունում՝ հիմնական կենսաթոշակը՝ որպես աշխատանքային կենսաթոշակի մաս, և կենսաթոշակներին տրվող հավելումները.
2) Բելառուսի Հանրապետությունում՝ կենսաթոշակի մասը, որը հաշվարկվել է՝ ելնելով օրենսդրությանը համապատասխան հաշվառված այլ գործունեության ժամանակահատվածներից և (կամ) առանց կենսաթոշակային վճարների վճարման այլ ժամանակահատվածներից, ինչպես նաև կենսաթոշակի նկատմամբ սահմանված հավելումները, վճարումները (հավելավճարները) և բարձրացումները.
3) Ղրղզստանի Հանրապետությունում՝ կենսաթոշակի հիմնական մասը և Ղրղզստանի Հանրապետության բյուջեի միջոցների հաշվին վճարումները.
4) Ռուսաստանի Դաշնությունում՝ ապահովագրական կենսաթոշակին ավելացվող հաստատագրված վճարը, ապահովագրական կենսաթոշակին ավելացվող հաստատագրված վճարի բարձրացումը և (կամ) ավելացումը և ապահովագրական կենսաթոշակին ավելացվող հավելավճարը, վերագնահատմամբ կենսաթոշակային իրավունքների բարձրացումը՝ դրամական արտահայտմամբ:
5. Անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված հավելավճարները և մյուս վճարումները սահմանելիս հաշվի են առնվում բոլոր անդամ պետություններում աշխատավորին (ընտանիքի անդամին) նշանակված կենսաթոշակները։