Հոդված 5
Հոդված 5
1. Պետական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է՝ հաշվի առնելով սույն համաձայնագրի դրույթները, Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը վերլուծելու ու կանխատեսելու հիման վրա և անդամ պետությունների տարածքներում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի շրջանառության կանխմանը, հայտնաբերմանը, կանխարգելմանը և (կամ) Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտման բացասական հետևանքների վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու հիման վրա՝ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումների անցկացման միջոցով:
2. Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման վերլուծությունն ու կանխատեսումը ներառում է հետևյալի ուսումնասիրումն ու ամփոփումը՝
1) Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման, այդ թվում՝ դրանց հետազոտությունների (փորձարկումների) և չափումների դեպքում հայտատու հանդիսացող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասին տեղեկություններ.
2) պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումների անցկացման արդյունքում ստացված տեղեկատվություն.
3) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան հայտնաբերված՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտների, ինչպես նաև մարդու կյանքին և (կամ) առողջությանը, կենդանիների ու բույսերի կյանքին և (կամ) առողջությանը, շրջակա միջավայրին վնաս հասցնելու դեպքերի մասին տեղեկատվություն, որն այդ թվում ստացվում է զանգվածային լրատվության միջոցներից: