Հոդված 6
Հոդված 6
1. Պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումներ անցկացնելիս պետական հսկողության (վերահսկողության) մարմիններն իրավունք չունեն պահանջելու իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատերից ներկայացնել տեղեկատվություն, որը նախկինում ներկայացվել է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, կամ որը, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, պետական հսկողության (վերահսկողության) մարմինների կողմից կարող է ստացվել Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին ու անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ձևավորված և գործող պետական տեղեկատվական համակարգերից, ռեեստրներից և ռեգիստրներից:
2. Պետական հսկողության (վերահսկողության) շրջանակներում կիրառվում են միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան հաստատվող՝ Միության համապատասխան տեխնիկական կանոնակարգերի պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող ազգային (պետական) ստանդարտների ցանկերում (այսուհետ՝ ստանդարտների ցանկեր) ներառված ստանդարտներում կամ այլ փաստաթղթերում պարունակվող հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններն ու մեթոդները, այդ թվում՝ նմուշառման կանոնները:
Պետական հսկողության (վերահսկողության) շրջանակներում հետազոտությունները (փորձարկումները) և չափումներն անցկացվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան հավատարմագրված փորձարկման լաբորատորիաներում (կենտրոններում):
Պետական հսկողության (վերահսկողության) շրջանակներում չի թույլատրվում արտադրանքի նմուշների հետազոտությունները (փորձարկումները) և չափումներն անցկացնել այն փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում), որտեղ տվյալ արտադրանքը գնահատվել (հաստատվել) է Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության մասով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ անդամ պետության տարածքում որպես իրավաբանական անձ գրանցված է պետական հսկողության (վերահսկողության) համար անհրաժեշտ փորձարկումներ իրականացնող միայն մեկ փորձարկման լաբորատորիա (կենտրոն):
Պետական հսկողության (վերահսկողության) շրջանակներում անցկացված հետազոտութունների (փորձարկումների) և չափումների արդյունքների առնչությամբ տարաձայնությունների կարգավորման համար կիրառվում են չափումների ռեֆերենտային մեթոդիկաներ (մեթոդներ), որոնք սահմանվում են Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ որպես չափումների ռեֆերենտային մեթոդիկա (մեթոդ) ընդունվող չափումների մեթոդիկայի (մեթոդի) վկայագրման կարգին համապատասխան՝ ստանդարտների ցանկերում ներառվածների թվից:
3. Պետական հսկողության (վերահսկողության) մարմիններն իրավունք ունեն պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումների անցկացման համար ներգրավելու փորձագետներ և (կամ) փորձագիտական կազմակերպություններ՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով: Նշված միջոցառումներն իրականացվում են՝ հաշվի առնելով նշված փորձագետների և փորձագիտական կազմակերպությունների՝ արտադրողներից, վաճառողներից, կատարողներից և ձեռքբերողներից (այդ թվում՝ սպառողներից) անկախության սկզբունքը:
4. Արտապլանային ստուգումները պետական հսկողության (վերահսկողության) մարմինների կողմից կարող են անցկացվել հետևյալ դեպքերում՝
1) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով պետական մարմիններից Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտումների մասին տեղեկատվության ստացում պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից.
2) մարդու կյանքին և (կամ) առողջությանը, կենդանիների ու բույսերի կյանքին և (կամ) առողջությանը, շրջակա միջավայրին վնաս հասցնելու վտանգի առաջացում և (կամ) այդ վնասը հասցնելը.
3) անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում: