Հոդված 6
Հոդված 6
Տեղեկատվության պաշտպանությունն ու օգտագործումը
1. Սույն համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվությունը համարվում է խորհրդապահական։ Կողմերը սահմանափակում են այդպիսի տեղեկատվության հասանելիությունը երրորդ անձանց համար, ինչպես նաեւ ձեռնարկում են միջոցներ՝ դրա անկառավարելի տարածումը չթույլատրելու ուղղությամբ։
2. Սույն համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվությունն օգտագործվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների եւ ՉԺՀ-ի՝ սույն համաձայնագրի շրջանակներում տեղեկատվության փոխանակման համար պատասխանատու լիազորված մարմինների կողմից բացառապես մաքսային նպատակներով եւ չի կարող օգտագործվել որպես ապացույց վարչական ու քրեական վարույթներում, ինչպես նաեւ դատական քննության ժամանակ՝ առանց այդ տեղեկատվությունը տրամադրած լիազորված մարմնի գրավոր համաձայնության:
3. ՉԺՀ-ի լիազորված մարմնից տեղեկատվություն ստացած՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինները ձեռնարկում են ստացված տեղեկատվության խորհրդապահական բնույթն ապահովելուն ուղղված միջոցներ եւ դրա համար օգտագործում են՝ տեղեկատվությունը չթույլատրված հասանելիությունից պաշտպանելու այնպիսի եղանակներ, որոնք համանման են նմանատիպ տեղեկատվության մասով կիրառվող միջոցներին ու եղանակներին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմիններից տեղեկատվություն ստացած՝ ՉԺՀ-ի լիազորված մարմինը ձեռնարկում է ստացված տեղեկատվության խորհրդապահական բնույթն ապահովելուն ուղղված միջոցներ եւ դրա համար օգտագործում է տեղեկատվությունը չթույլատրված հասանելիությունից պաշտպանելու այնպիսի եղանակներ, որոնք համանման են նմանատիպ տեղեկատվության մասով կիրառվող միջոցներին ու եղանակներին՝ ՉԺՀ-ի օրենսդրությանը համապատասխան։
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը եւ ՉԺՀ-ի լիազորված մարմինն ապահովում են տեղեկատվության պաշտպանությունը՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի եւ ՉԺՀ-ի լիազորված մարմնի համապատասխան տեղեկատվական համակարգերի միջեւ այն փոխանցելիս։