Հոդված 3
Հոդված 3
1. Որպես պահպանման համար որոշակի քանակի և որակի գյուղատնտեսական արտադրանքի ընդունման հաստատում՝ պահեստի կողմից թողարկվում է (տրվում է) պահեստային վկայագիր՝ ձևակերպված ռուսերենով և անդամ պետության պետական լեզվով (պետական լեզուներով) (անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված լինելու դեպքում)։
2. Պահեստային վկայագիրը պարունակում է հետևյալ պարտադիր տեղեկությունները (վավերապայմանները)՝
ա) պահեստային վկայագրի թողարկման (տրման) ամսաթիվը և համարը.
բ) գյուղատնտեսական արտադրանքը պահպանման համար ընդունած պահեստի անվանումը, դրա գտնվելու վայրը և այն համարը, որն անձին նույնականացնում է որպես անդամ պետության հարկ վճարող.
գ) գյուղատնտեսական արտադրանքը պահպանման հանձնած պահեստային վկայագրի սեփականատիրոջ անվանումը, նրա գտնվելու վայրը՝ իրավաբանական անձի համար, ազգանունը, անունը հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը՝ ֆիզիկական անձի համար, այն համարը, որն անձին նույնականացնում է որպես անդամ պետության հարկ վճարող (առկայության դեպքում).
դ) պահպանման համար ընդունված գյուղատնտեսական արտադրանքի տեսակը, դրա քանակական և որակական բնութագրերը.
ե) այն ժամկետը, որով գյուղատնտեսական արտադրանքն ընդունվել է պահպանման, եթե նման ժամկետ սահմանվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, կամ նշում այն մասին, որ արտադրանքը պահպանման է ընդունվել ցպահանջ.
զ) պահեստային վկայագրերի թողարկմամբ (տրմամբ) գյուղատնտեսական արտադրանքի պահպանման համար ծառայությունների մատուցման թույլտվության կամ պահեստային վկայագրեր թողարկող (տրամադրող)՝ անդամ պետության պահեստների ռեեստրում (այսուհետ՝ պահեստների ռեեստր) պահեստի մասին տեղեկությունների ներառումը հաստատող փաստաթղթի վավերապայմանները.
է) գյուղատնտեսական արտադրանքի պահպանման դիմաց վարձատրության չափը (սակագները, որոնց հիման վրա այն հաշվարկվում է) և այդ արտադրանքի պահպանման համար վճարման կարգը կամ այն ամսաթիվը, մինչև որը կատարվել է պահպանման ծառայությունների համար վճարումը.
ը) տեղեկություններ՝ պահեստային վկայագրով նախատեսված պարտավորությունների կատարումն ապահովելու կարգի մասին։