Հոդված 4
Հոդված 4
1. Տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է մի անդամ պետության լիազորված, իրավապահ և մաքսային մարմինների այն հարցումների (այսուհետ՝ հարցումը ներկայացնող մարմին) հիման վրա, որոնք գրավոր, ռուսերենով կամ անդամ պետության պետական լեզվով (կից ներկայացնելով ռուսերեն թարգմանությունը) ուղարկվում են մյուս անդամ պետության պատասխանատու մարմին (այսուհետ՝ հարցումն ստացող մարմին)։
2. Սույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկություններն ստանալու վերաբերյալ հարցումն ստորագրվում է հարցումը ներկայացնող մարմնի ղեկավարի կամ ղեկավարի տեղակալի կողմից և պարունակում է՝
ա) հարցումը ներկայացնող մարմնի անվանումը,
բ) հարցումն ստացող մարմնի անվանումը,
գ) սույն համաձայնագրին կատարվող հղումը,
դ) հարցումը ներկայացնելու հիմքերը և նպատակները,
ե) հարցման էության համառոտ շարադրանքը,
զ) այն անձի նույնականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, որի վերաբերյալ ներկայացվում է հարցումը,
է) ժամանակահատվածը կամ ամսաթիվը (ամսաթվերը), որի համար տեղեկատվության հարցում է արվում,
ը) հարցումն իրականացնելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ։
3. Հարցումն իրականացնելու ժամկետը չի կարող գերազանցել հարցումն ստացող մարմնի կողմից հարցումն ստանալու օրվանից 30 օրացուցային օրը։ Հարցումն ավելի կարճ ժամկետներում իրականացնելու անհրաժեշտության դեպքում հարցման մեջ կատարվում է համապատասխան վերապահում՝ նշելով հարցման հիմքը և հարցումն իրականացնելու ցանկալի ժամկետը։
Շտապ հարցումն իրականացնելու ժամկետը չի կարող գերազանցել հարցումն ստացող մարմնի կողմից դա ստանալու օրվանից 10 օրացուցային օրը։
Եթե հարցումն ստացող մարմնին հարցումն իրականացնելու համար լրացուցիչ տեղեկատվություն է անհրաժեշտ հարցումը ներկայացնող մարմնից, ապա հարցումն իրականացնելու ժամկետն ավելանում է լրացուցիչ տեղեկատվությունն ստանալու համար անհրաժեշտ ժամանակահատվածով։
Հարցումը սույն կետով նախատեսված ժամկետներում մասամբ կամ ամբողջությամբ իրականացնելու անհնարինության դեպքում հարցումն ստացող մարմինը հարցումը ներկայացնող մարմնին գրավոր տեղեկացնում է հարցումն իրականացնելու ենթադրվող ժամկետի մասին։
4. Անդամ պետության՝ կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման մասին տվյալների բազա ձևավորելու համար պատասխանատու մարմնի և պատասխանատու մարմինների միջև փոխգործակցությունն իրականացվում է այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
5. Սույն համաձայնագրի շրջանակներում տեղեկատվական փոխգործակցությունը կարող է իրականացվել Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ՝ պայմանով, որ նշված տեղեկատվական համակարգը կապահովի սույն համաձայնագրի 6-րդ հոդվածով նախատեսված՝ տեղեկատվության պաշտպանության միջոցները։