Հոդված 13. Օրենքի 22-րդ հոդվածում՝
Հոդված 13. Օրենքի 22-րդ հոդվածում՝
ա) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Բանկի ղեկավարներ են համարվում բանկի խորհրդի նախագահը, նրա տեղակալը և խորհրդի անդամները, գործադիր տնօրենը, նրա տեղակալները, գլխավոր հաշվապահը, նրա տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը, նրա անդամները, բանկի տնօրինության անդամները, ինչպես նաև բանկի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ բանկի դեպարտամենտի, վարչության, բաժնի, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով որևէ կերպ բանկի հիմնական գործունեության հետ կապված կամ գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո աշխատող կամ բանկի կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ ազդեցություն ունեցող աշխատակիցները:».
բ) երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Կենտրոնական բանկն իրավունք ունի սահմանելու բանկի ղեկավարների որակավորման կարգ և մասնագիտական համապատասխանության չափանիշներ:».
գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ հինգերորդ մաս՝
«4. Բանկի խորհրդի նախագահը կամ խորհրդի անդամը չի կարող միաժամանակ լինել տվյալ բանկի գործադիր մարմնի անդամ կամ այլ աշխատակից, ինչպես նաև այլ բանկի կամ վարկային կազմակերպության խորհրդի անդամ, գործադիր մարմնի անդամ կամ այլ աշխատակից, բացառությամբ եթե տվյալ բանկը և այլ բանկը կամ վարկային կազմակերպությունը հանդիսանում են միմյանց հետ փոխկապակցված անձինք:
Բանկի գործադիր տնօրենը, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը, տնօրինության անդամները, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը կամ անդամները չեն կարող միաժամանակ լինել այլ բանկի գործադիր տնօրեն, գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ, տնօրինության անդամ, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար կամ անդամներ:
Բանկի գործադիր մարմնի անդամները բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից, կարող են կատարել վճարովի այլ աշխատանք միայն բանկի խորհրդի համաձայնությամբ:»: