Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածում`
Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածում`
ա) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Անձը կամ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետևանքով բանկի կանոնադրական հիմնադրամում կարող են նշանակալից մասնակցություն ձեռք բերել միայն Կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ:
Բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար բանկի միջնորդությամբ անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում հայտարարություն այն մասին, որ իր մասնակցության միջոցով որևէ այլ անձ ստեղծվող բանկում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձի կարգավիճակ ձեռք չի բերում, հակառակ դեպքում այդ անձը պարտավոր է ներկայացնել նաև անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկի սահմանած փաստաթղթերը: Անուղղակի նշանակալից մասնակցի կարգավիճակ ձեռք բերելու համար սույն հոդվածով սահմանված կարգով պահանջվում է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը:
Բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար բանկի միջնորդությամբ անձը Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի նաև ներդրվող միջոցների ծագման օրինականության վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն), ինչպես նաև Կենտրոնական բանկի սահմանած ձևով այն իրավաբանական անձանց վերաբերյալ տվյալները (այդ թվում՝ անվանումը, գտնվելու վայրը, ֆինանսական հաշվետվությունները, տեղեկություններ ղեկավարների մասին, տեղեկություններ նշանակալից մասնակցություն ունեցող անձանց մասին), որոնցում բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը հանդիսանում է նշանակալից մասնակցություն ունեցող անձ:
Բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար բանկի միջնորդությամբ անձի կամ փոխկապակցված անձանց կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող սույն մասի երկրորդ և երրորդ պարբերություններով սահմանված փաստաթղթերի և այլ փաստաթղթերի, տեղեկությունների ցանկը, ձևը, դրանց ներկայացման կարգը և պայմանները սահմանում է Կենտրոնական բանկը:
Կենտրոնական բանկը սույն մասով սահմանված կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, քննում է դրանք: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով մեկամսյա ժամկետը կարող է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ կասեցվել: Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում դիմումը չմերժելու կամ մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին անձին չտեղեկացնելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված:».
բ) երկրորդ մասը «ը» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» և «ժ» կետերով՝
«թ) տվյալ գործարքի հետևանքով բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող մասնակիցը կամ նրա հետ փոխկապակցված անձը Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով գտնվում է ֆինանսական վատ վիճակում կամ նշանակալից մասնակցի կամ նրա հետ փոխկապակցված անձանց ֆինանսական վիճակի վատթարացումը կարող է պատճառ հանդիսանալ բանկի ֆինանսական վիճակի վատթարացման, կամ բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձանց և (կամ) նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեությունը կամ բանկի հետ նրանց փոխհարաբերությունների բնույթը Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով կարող է խոչընդոտել Կենտրոնական բանկի կողմից արդյունավետ վերահսկողության իրականացմանը կամ թույլ չի տալիս բացահայտելու կամ արդյունավետ կառավարելու բանկի ռիսկերը.
ժ) անձը չի ներկայացնում իր կողմից ներդրվող միջոցների ծագման օրինականության վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն):».
գ) վեցերորդ մասի երկրորդ «կամ» բառը փոխարինել «և (կամ)» բառակապակցությամբ, «20» թվից առաջ ավելացնել «10,» թիվը, «և 50 տոկոսը» բառերը փոխարինել «, 50 և 75 տոկոսը» բառերով: