Հոդված 12. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1-21.12-րդ հոդվածներով՝
Հոդված 12. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1-21.12-րդ հոդվածներով՝
«Հոդված 21.1. Բանկի մասնակիցների ընդհանուր ժողովը: Ընդհանուր ժողովի իրավասությունները
1. Բանկի մասնակիցների ընդհանուր ժողովը բանկի կառավարման բարձրագույն մարմինն է:
2. Բանկի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանն են պատկանում՝
ա) բանկի կանոնադրության հաստատումը, դրանում փոփոխությունների և լրացումների կատարումը.
բ) բանկի վերակազմակերպումը.
գ) բանկի լուծարումը.
դ) ամփոփ, միջանկյալ և լուծարման հաշվեկշիռների հաստատումը, լուծարային հանձնաժողովի նշանակումը.
ե) խորհրդի քանակական կազմի հաստատումը, դրա անդամների ընտրությունը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը: Խորհրդի քանակական կազմի հաստատման և դրա անդամների ընտրության հարցերը քննարկվում են բացառապես տարեկան ընդհանուր ժողովներում: Խորհրդի անդամների ընտրության հարցն արտահերթ ընդհանուր ժողովում կարող է քննարկվել, եթե վերջինս որոշում է ընդունել խորհրդի կամ նրա առանձին անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին.
զ) հայտարարված բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) ծավալի առավելագույն չափի սահմանումը, ինչպես նաև բանկի կանոնադրական հիմնադրամի ավելացումը.
է) խորհրդի ներկայացմամբ բանկի արտաքին աուդիտն իրականացնող անձի հաստատումը.
ը) բանկի տարեկան ֆինանսական հաշվետվությունների, շահույթների և վնասների բաշխման հաստատումը: Տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշման ընդունումը և տարեկան շահութաբաժինների չափի հաստատումը.
թ) ընդհանուր ժողովի վարման կարգի հաստատումը.
ժ) հաշվիչ հանձնաժողովի ձևավորումը.
ժա) բաժնետոմսերի համախմբումն ու բաժանումը. ժբ) դուստր կամ կախյալ ընկերությունների ստեղծումը.
ժգ) դուստր և կախյալ ընկերություններին մասնակցությունը.
ժդ) առևտրային կազմակերպությունների միությունների հիմնադրումը.
ժե) առևտրային կազմակերպությունների միություններում մասնակցությունը.
ժզ) խորհրդի անդամների վարձատրության չափի սահմանումը.
ժէ) օրենքով նախատեսված դեպքերում բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքը չկիրառելու մասին որոշման ընդունումը.
ժը) հաստատված օրակարգի շրջանակում օրենքով նախատեսված այլ հարցեր:
3. Սույն հոդվածի երկրորդ մասում թվարկված հարցերով որոշումների ընդունումը վերապահվում է ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը և չի կարող փոխանցվել բանկի խորհրդին, ինչպես նաև բանկի գործադիր տնօրենին, նրա տեղակալներին, բանկի տնօրինության անդամներին, բանկի գլխավոր հաշվապահին (այսուհետ նաև՝ գործադիր մարմնի անդամներ) կամ այլ անձի, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասի «ժբ-ժզ» կետերում թվարկված հարցերի և բանկի կանոնադրական հիմնադրամի ավելացման հարցի, որոնցով որոշումների ընդունումը բանկի կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի որոշմամբ կարող է փոխանցվել խորհրդին:
«Հոդված 21.2. Ընդհանուր ժողովի գործունեության կազմակերպումը
1. Ընդհանուր ժողովի որոշումները կարող են նաև ընդունվել հեռակա քվեարկության (հարցման) միջոցով, բացառությամբ սույն օրենքի 21.1 հոդվածի երկրորդ մասի «բ», «գ» և «ը» կետերում նշված հարցերի: Տարեկան ընդհանուր ժողովը չի կարող անցկացվել հեռակա կարգով քվեարկության (հարցման) միջոցով: Բանկի ընդհանուր ժողովի հեռակա նիստերը գումարվում են բանկի կանոնադրությամբ սահմանված հեռակա կարգով նիստերի գումարման և անցկացման կարգի համաձայն: Ընդ որում, ընդհանուր ժողովի որոշումները կարող են ընդունվել այնպիսի նիստով, որի ժամանակ ընդհանուր ժողովի մասնակիցները կարող են հաղորդակցվել միմյանց հետ հեռախոսային, հեռուստակապի կամ այլ կապի միջոցով՝ իրական ժամանակի ռեժիմում: Նման նիստը հեռակա (հարցման) կարգով անցկացված նիստ չի համարվում:
2. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեն՝
ա) բանկի հասարակ (սովորական) բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) սեփականատեր հանդիսացող մասնակիցները՝ իրենց պատկանող ձայների քանակով, ինչպես նաև անվանատերերը, եթե նրանք ներկայացնում են իրենց կողմից ներկայացվող բանկի մասնակիցների անվանումները և նրանց պատկանող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) քանակը հիմնավորող փաստաթղթեր. բ) բանկի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերերը՝ իրենց պատկանող արտոնյալ բաժնետոմսերի քանակին և անվանական արժեքին համապատասխան ձայների քանակով՝ օրենքով և բանկի կանոնադրությամբ սահմանված դեպքերում, ինչպես նաև այդ բաժնետոմսերի անվանատերերը, եթե նրանք ներկայացնում են իրենց կողմից ներկայացվող բաժնետերերի անվանումները և նրանց պատկանող բաժնետոմսերի քանակը հիմնավորող փաստաթղթեր.
գ) բանկի մասնակից չհանդիսացող խորհրդի և գործադիր մարմնի անդամները՝ խորհրդակցական ձայնի իրավունքով.
դ) բանկի ներքին աուդիտի ստորաբաժանման անդամները՝ որպես դիտորդ.
ե) բանկի արտաքին աուդիտն իրականացնող անձը՝ որպես դիտորդ (եթե նրա եզրակացությունն առկա է գումարվող ընդհանուր ժողովի օրակարգի հարցերում).
զ) Կենտրոնական բանկի ներկայացուցիչները՝ որպես դիտորդ.
է) կանոնադրությամբ նախատեսված այլ անձինք:
3. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բանկի մասնակիցների ցուցակը կազմվում է խորհրդի կողմից սահմանված տարվա, ամսվա, ամսաթվի դրությամբ՝ բանկի մասնակիցների ռեեստրի տվյալների հիման վրա:
Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բանկի մասնակիցների ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը չի կարող սահմանվել ավելի վաղ, քան ընդհանուր ժողով գումարելու մասին որոշման ընդունումը, և ավելի ուշ, քան ընդհանուր ժողովի գումարումից 45 օր առաջ:
Եթե ընդհանուր ժողովը գումարվում է հեռակա քվեարկությամբ, ապա դրան մասնակցելու իրավունք ունեցող բանկի մասնակիցների ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը սահմանվում են ընդհանուր ժողովի գումարման ամսաթվից առնվազն 35 օր շուտ:
Բանկերն իրենց մասնակիցների ընդհանուր ժողովի անցկացման մասին Կենտրոնական բանկին ծանուցում են դրա անցկացումից ոչ ուշ, քան 15 օր առաջ:
4. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բանկի մասնակիցների ցուցակը կազմելու համար բաժնետոմսերի անվանատերը պարտավոր է ցուցակը կազմելու տարով, ամսով, ամսաթվով տվյալներ տրամադրել այն անձանց մասին, որոնց շահերը ներկայացնելու նպատակով նա տնօրինում է բաժնետոմսերը:
5. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բանկի մասնակիցների ցուցակը պետք է տվյալներ պարունակի բանկի յուրաքանչյուր մասնակցի անվան (անվանման), գտնվելու (բնակության) վայրի և բանկի կանոնադրական հիմնադրամում նրան պատկանող մասնակցության մասին: Բաժնետիրական բանկի՝ ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակում կանոնադրական հիմնադրամում բաժնետիրոջը պատկանող մասնակցության մասին տվյալները պետք է լինեն ըստ բաժնետոմսերի տեսակների և դասերի:
6. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բանկի մասնակիցների ցուցակը պետք է տրամադրվի ծանոթացման նպատակով բանկի այն մասնակիցներին, որոնք գրանցված են բանկի մասնակիցների ռեեստրում:
Բանկի մասնակցի պահանջով բանկը պարտավոր է նրան տրամադրել տեղեկանք՝ ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակում նրա ընդգրկման մասին:
7. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բանկի մասնակիցների ցուցակում փոփոխություններ կարող են կատարվել միայն ցուցակը կազմելու ընթացքում թույլ տրված սխալներն ուղղելու կամ դրանում չընդգրկված բանկի մասնակիցների խախտված իրավունքները և օրինական շահերը վերականգնելու նպատակով: