Հոդված 23. Օրենքի 55-րդ հոդվածում՝
Հոդված 23. Օրենքի 55-րդ հոդվածում՝
ա) առաջին մասի «և եռամսյակային ֆինանսական» բառերը փոխարինել «, եռամսյակային ֆինանսական և այլ» բառերով.
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ և չորրորդ մասեր՝
«3. Յուրաքանչյուր բանկ Կենտրոնական բանկի սահմանած ձևով, դեպքերում, կարգով և ժամկետներում, սակայն ոչ պակաս, քան տարին մեկ անգամ, պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել`
ա) բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձանց ֆինանսական հաշվետվությունները, տեղեկություններ այդ իրավաբանական անձանց ղեկավարների և նշանակալից մասնակցություն ունեցող անձանց մասին.
բ) բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց ֆինանսական հաշվետվությունները, տեղեկություններ այդ փոխկապակցված իրավաբանական անձանց ղեկավարների և նշանակալից մասնակցություն ունեցող անձանց մասին.
գ) բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց հայտարարություններն այն մասին, որ նրանց մասնակցության միջոցով որևէ նոր անձ բանկում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձի կարգավիճակ ձեռք չի բերել: Եթե այլ անձ բանկում ձեռք է բերել անուղղակի նշանակալից մասնակցություն, ապա բանկը պարտավոր է Կենտրոնական բանկի համաձայնությունը ստանալու նպատակով այդ անձի՝ բանկում անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերելու օրվանից հետո՝ 10-օրյա ժամկետում, Կենտրոնական բանկ ներկայացնել բանկում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկի սահմանած փաստաթղթերը, ինչպես նաև այն իրավաբանական անձանց վերաբերյալ փաստաթղթերը (այդ թվում՝ անվանումը, գտնվելու վայրը, ֆինանսական հաշվետվություններ, տեղեկություններ ղեկավարների մասին, տեղեկություններ նշանակալից մասնակցություն ունեցող անձանց մասին), որոնցում բանկում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձը հանդիսանում է նշանակալից մասնակցություն ունեցող անձ:
Սույն մասով սահմանված հաշվետվությունները և տեղեկությունները բանկ ներկայացնելու պարտականությունը կրում են բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձինք:
4. Բանկի կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները և այլ տեղեկությունները պետք է լինեն ամբողջական և արժանահավատ:»: